Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ Երուսաղեմ) այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը:
«Երկու երկրները համագործակցության համար լայն հնարավորություններ ունեն: Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»,- նշել է նախագահը:
Դեսպանը հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու երկրների միջեւ փոխգործակցությունն ընդլայնելու եւ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-իսրայելական կապերի զարգացմանը, մասնավորապես, նորարարությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում:
Էլիավ Բելոցերկովսկին նշել է, որ Իսրայելն ու Հայաստանն ունեն սակավ բնական ռեսուրսներ, եւ երկու երկրների հիմնական հարստությունը մարդկային ռեսուրսներն են:
Արմեն Սարգսյանը նշել է, որ Իսրայելը նորարարությունների եւ բարձր տեխնոլոգիաների կենտրոն է, ինչպիսին ձգտում է դառնալ նաեւ Հայաստանը, եւ երկու երկրները միմյանցից սովորելու շատ բան ունեն:





























