«Երկիրն» իր խմբագրականում գրում է. «Ամեն անգամ, երբ հեռուստաէկրանին հայտնվում է ինչ-ոչ պաշտոնյա, անթաքույց սպասում ես նրա խոսքում ամենակարեւոր կամ գուցե ամենազավեշտալի արտահայտությանը՝ «հանրապետության նախագահի հանձնարարությամբ» կամ «հանրապետության նախագահի շնորհիվ» կամ էլ... կարեւոր չէ, թե ինչ, կարեւորը, որ «հանրապետության նախագահը» հնչի եւ հնչեղ լինի։ Օրինակ՝ միայն վերջերս է պարզվել, որ գյուղնախարարը պետք է այցելի համայնքներ, հանդիպի գյուղացիներին, որովհետեւ հանրապետության նախագահի հանձնարարականն է։ Եթե վարչապետի մոտ ինչ-որ կարեւոր խորհրդակցություն է, նույնպես հանրապետության նախագահի հանձնարարականն է։

Եթե ինչ-որ տնտեսվարող զլանում է աշխատավարձ վճարել եւ աշխատակիցների բողոքից հետո հարցին միջամտում է նախագահը, «օրինաչափ» է, որ նույն տնտեսվարողը կապույտ էկրանից հայտարարի՝ «Հանրապետության նախագահի հանձնարարականով վճարեցինք աշխատավարձերը»։ Ստացվում է, որ նախկինում վատ են աշխատել, որովհետեւ հանրապետության նախագահը չէր հանձնարարել լավ աշխատել։ Մի տեսակ զավեշտի է վերածվում։

Վերջերս Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էլ հայտարարեց, որ Ռուսաստանին հաղթելու ենք, որովհետեւ հանրապետության նախագահը հանձնարարել է հաղթել։ Փաստորեն, երկրում որեւէ պաշտոնյա, չունենալով հանրապետության նախագահի հանձնարարականները, չի կատարում իր անմիջական պարտականությունները, իսկ հանձնարարականից հետո էլ հաշվետվությունը հետեւյալն է՝ հեռուստաէկրանից հնչեցնել՝ «հանրապետության նախագահի հանձնարարությամբ....»։ Իսկ հետո, հետո ի՞նչ է լինելու հաճախ առաջացած հարցի պատասխանը եւս «հնչեղ է»՝ լավ է լինելու՝ հանրապետության նախագահի հանձնարարականն է»։