«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է մարտի 23-ին մի շարք հասարակական կազմակերպությունների եւ անհատ քաղաքացիների կողմից Սերժ Սարգսյանին ողղված հանրային պահանջագրի ընդունումը, որով ՀՀ նախագահի առջեւ պահանջ էր դրվում կատարել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու հանդեպ պետության պարտավորությունը եւ ապահովել նրա համար վրանի տեղադրումը:
Այդ պահանջագրում նշվում էր, որ եթե Սերժ Սարգսյանը չկատարի իրենց պահանջը, այն ստորագրած ՀՀ 24 քաղաքացիները իրենց են վերապահելու պետության այդ «պոզիտիվ պարտավորության իրականացումը»:
«Հաշվի առնելով, որ մարտի 23-ի ընթացքում իշխանությունների կողմից վրանը այդպես էլ չտեղադրվեց` «Ժառանգություն» կուսակցության անդամները միանում են վերոհիշյալ հանրային պահանջագրին եւ հայտարարում, որ իրենց օրինավոր մասնակցությունը կբերեն Րաֆֆի Հովհաննիսյանի առողջության համար կարեւոր նշանակություն ունեցող վրանի տեղակայմանը եւ հորդորում են իրավապահ մարմիններին այս գործողությունն իրականացնելիս չստեղծել որեւէ խոչընդոտ, դրանով իսկ` արհեստական լարվածություն»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ:





























