Հայաստանում վերջին մի քանի տարիներին առաջացել է այնպիսի բացասական երեւույթ, ինչպիսին է որսագողերի կողմից արագիլների հրազենով որսը: Համենայնդեպս, այս մասին սկսել են գրել լրատվամիջոցները եւ քննարկել համացանցում: Հայկական գյուղերի երբեմնի խորհրդանիշը հիմա հաճախ է հիշատակվում որպես որսագողերի եւ անուշադիր տնտեսվարող սուբյեկտների զոհ: Կենդանիների պաշտպանները ստիպված են լինում ավելի հաճախ խնամել վիրավոր փետրավորներին: Թռչունների վերակագնման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, այս ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկվել են (ֆոտոռեպորտաժ):
Օրերս NEWS.am-ի թղթակիցները հանդիպեցին Հայաստանում միակ կարանտինային կենտրոնի սեփականատեր Արթուր Խաչատրյանի հետ: Չնայած կենտրոնը նախատեսված է էկզոտիկ կենդանիների կարանտինի եւ պահման համար, հենց այստեղ են վերականգնվում մարդու պատճառով տուժած թռչունները:
Մեր այցելության պահին կենտրոնում արագիլների 2 խումբ կար. 3-ին շուտով բաց կթողնեն բնության մեջ, մեկին՝ ավելի ուշ: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ որոշի Բնության եւ ընդերքի պահպանության տեսչական մարմինը: Ժամանակը ցույց կտա, թե եւս մի քանի թռչուններին բաց թողնելու հնարավորությունը երբ կլինի: Սակայն արդեն հիմա պարզ է, որ առանձնապես ծանր խեղումներ ստացած որոշ թռչուններ այլեւս երբեք չեն թռչի: «Փշրվել էին թեւի ոսկորները: Հարցն այսպես էր դրված՝ կա՛մ թեւի անդամահատում է կատարվում, կա՛մ թռչունները մահանում են: Որոշվեց թռչունների կյանքը պահպանել՝ թեկուզ եւ նման ծանր գնով»,- պարզաբանեց Արթուր Խաչատրյանը:
Հիմա Խաչատարյանի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել ամերիկյան կողմի հետ հաշմանդամ արագիլներին բազմացման համար կենդանաբանական այգիներ ուղարկելու մասին: «Սա ավելի լավ է, քան կենդանուն մահվան դատապարտելը: Ես ավելի լավ տարբերակ չեմ տեսնում: Նախկինում այսպիսի թռչուններին պահում էին Երեւանի Կենդանաբանական այգում: Հիմա իրավիճակը փոխվել է: Ավելի լավ է մենք նրանց նվիրենք, քան, ինչպես առաջարկում են որոշ խելագարներ, սպանենք: Ես ընդհանրապես այս պրակտիկան չեմ ընկալում, եթե կա լավ ձեռքերի փոխանցելու այլընտրանք»: Սկսված արագիլների հրազենով որսը անհրաժեշտ է հնարավորինս արագ եւ խստորեն կանխել, շեշտեց Արթուր Խաչատրյանը:
Հիմա վիրավոր արագիլներից բացի, կենտրոնում են պահվում գանգրափետուր հավալուսնը, որին բերել են Արարատյան դաշտավայրից, դեղնակտուց գառնանգղի ձագը (NEWS.am-ը նրա մասին հայտնել է «Մենք տեսանք ճանապարհին ընկած մեծ թռչունի. Հայ ընտանիքը դեղնակտուց գառնանգղի է փրկել» հոդվածում), հողմավար բազեն (Արագածոտնի մարզից), բվեճը (Երեւանի Բուսաբանական այգուց):
«Վերականգնման գործընթացն իրականում երկարատեւ է: Վերականգնումը միայն կերակրելը, բուժելը, բաց թողնելը չէ: Դա առաջին հերթին կենդանուն վայրի բնության մեջ ինքնուրույն ողջ մնալ սովորեցնելն է, մարդուց հետ վարժեցնելը, որովհետեւ որոշները, ինչպես դեղնակտուց գառնանգղի ձագը, մարդուն ընտելանում են, իսկ ոմանք էլ ընդհանրապես անազատության մեջ են մեծացել»,- ասում է Արթուր Խաչատրյանը:
Թռչունների բնակության սովորական միջավայր վերադառնալու հարցը նույնպես Տեսչությունն է որոշելու: Իսկ առայդմ կենտրոնում նրանց համար ստեղծված են բնականին մոտ պայմաններ՝ մացառուտներով ընդարձակ վանդակ Գետառի ափին, որտեղ տեղական ծածաններ են բնակվում:
Վերադառնաով կենտրոնի գոյության անմիջական նպատակին՝ Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ այս պահին կարանտինային բաժնում կենդանիներ չկան: Ըստ էության, սրանով էլ պայմանավորված էր տիրոջ համաձայնությունը մամուլի ներկայացուցիչների այցելությանը: Հակառակ դեպքում, կողմնակի անձանց ներկայությունը եւ հոտերը, լուսանկարչական խցիկների լուսարձակները կարող են կենդանիների վրա բացասաբար ազդել:
Ինչպես արդեն նշեցինք, սա Հայաստանում միակ հավաստագրված կարանտինային կենտրոնն է: Ավելին՝ ԵՏՄ-ում միակ նման կազմակերպությունը: Երկու տարի առաջ կենտրոն էին այցելել «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները: Խաչատրյանի խոսքով՝ կենտրոնի աշխատանքը վերահսկում են «անասնաբուժական պետական ծառայությունները»: Բոլոր ներս բերվող եւ դուրս տարվող խմբաքանակները եւ առանձին էկզոտիկ կենդանիները ստուգվում են: Կենտրոնը ստեղծվել է 6 տարի առաջ: Սակայն բուն ընկերությունը, որը հիմնականում զբաղվում է էկզոտիկ կենդանիների ներմուծմամբ եւ արտահանմամբ, գոյություն ունի 90-ական թվականների վերջից: Վերջնանպատակն է կենդանիների բազմացումը եւ վաճառքը:
«Աշխարհում ոչ ոք այս գործունեությունը չի սահմանափակում, աշխարհի ոչ մի պետություն: Ցավոք կամ ոչ, այս հարցը վիճելի է: Կարող եմ բերել իմ տեսանկյամբ համոզիչ օրինակ: Կոնգոյի շուկայում կապիկներին որպես մսացու են վաճառում, ինչպես մեզ մոտ հավերին: Դուք մի քանի կապիկ եք գնում կենդանաբանական այգում պահելու համար: Սա լա՞վ է, թե՞ վատ: Ո՞րն է լավ՝ նրանց թողնել ուտե՞ն, թե՞ պաշտոնապես, ամբողջ փաստաթղթավորմամբ ձեռք բերել բազմացնելու համար: Եթե դուք չգնեք, նրանց կուտեն: Փաստացի դուք նրանց փրկում եք: Դուք կգնեք, թե ոչ՝ չեն դադարի նրանց ուտել: Բայց ձեզ կհաջողվի մի մասին փրկել: Որոշների վերաբերյալ ընդհանրապես խոսքը տեսակի պահպանման մասին է»,- կարծում է Արթուր Խաչատրյանը:
Այն դիտարկմանը, որ կրկնակի պահանջարկը առաջարկը մեծացնում է, Խաչատրյանը հիշեցրեց, որ որակյալ, բարեկարգ կենդանաբանական այգիները կոչված են ոչ միայն պահպանման գործառույթ կատարելուն, այլեւ պոպուլյացիայի ավելացմանը
Աշխարհում կենդանաբանական այգիների, մեծ այգիների 99 տոկոսը մասնավոր տիրույթներ են։ Օրինակ՝ ԱՄՆ-ում չկա պետական կենդանաբանական այգի հասկացություն։ Եվ հարցը, թե հարկավոր են արդյոք կենդանաբանական այգիները, թե ոչ, բնավ միանշանակ չէ։ Մասնավոր սեփականատերը, կարելի է ասել, ավելի շատ է ցավում կազմակերպության եւ կենդանիների համար, թող որ անգամ որպես եկամուտների աղբյուր։ Եվ փորձում է ստեղծել բնությունից ավելի լավ պայմաններ։ Օրինակ՝ ՀԱՀ-ում աճուրդում կենդանիներ են վաճառվում։ Եվ այստեղ իրավիճակն առաջին հայացքից կարող է այլ կերպ թվալ, քան իրականում. 100 տարի առաջ երկրում կենդանական աշխարհն անհետանում էր։ Շնորհիվ բազմացման, պաշտպանության, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների կողմից, կենդանիները բնության մեջ ավելացան մի քանի անգամ։ Միշտ չէ, որ կազմակերպությունները հետապնդում են առեւտրային նպատակներ։ Այստեղ աշխատում են մարդիկ, ովքեր սիրում են եւ ցավում կենդանիների համար»,- ասում է կենտրոնի տերը։
Նրա խոսքով՝ ոլորտը, սակայն, խիստ վերահսկողության կարիք ունի. «Մենք նույնպես դեմ ենք, որ արջերը պահվեն 2x2 վանդակներում։ Դա նորմալ չէ։ Արագիլներին կրակելը նույնպես նորմալ չէ»։ Միաժամանակ, շարունակում է Խաչատրյանը, վերահսկողության կարիք ունի նաեւ բնապահպան հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնց օբյեկտիվ գործունեությունը նույնքան բարձր է ողջունվում, որքան եւ դատապարտվում է սուբյեկտիվ ուղղվածության ակտիվությունը։
Լենինգրադի գյուղատնտեսական ակադեմիայի շրջանավարտը հավակնոտ նախագիծ ունի՝ կենտրոնի հիմքի վրա ստեղծել ընդարձակ այգի՝ կենդանիների պահման հիանալի պայմաններով։ Ծրագրերի մեջ է կապիկների համար կառույցն ավարտելը՝ ամառային եւ ձմեռային մեծավանդակներով, մանկական սրճարանով եւ թատրոնով, որտեղ բեմադրությունները կլինեն «կենդանիների» թեմաներով, օրինակ՝ «Շունն ու կատուն», ինչպես նաեւ կկառուցվեն լճակ եւ հյուրատնակներ։ Որպեսզի տարածքը բարեկարգվի, նախատեսվում է արհեստական անտառ աճեցնել եւ ընդհանրապես՝ տարածքը վերածել հաճելի այցելավայրի, որտեղ ծնողները կկարողանան իրենց երեխաներին ցույց տալ տարբեր կենդանիներ, որոնք ապրում են նորմալ պայմաններում։




























