Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ իշխանությունների հետ՝ քննարկելու Իրանին 15 մլրդ դոլար տնտեսական օգնություն ցուցաբերելու եւ իրանական միջուկային համաձայնագիրը փրկելու ծրագիրը, հայտնում է Bloomberg-ը:
Ֆրանսիացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ նախատեսված բանակցությունները պաշտոնապես նվիրված էին թվային հարկմանը, որը հարուցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը: Սակայն դրանք ընդլայնվել էին, որպեսզի քննարկվեն այն միջոցները, որոնց օգնությամբ Իրանը կարող է ստանալ ԱՄՆ պատժամիջոցներից բացառում:
ԱՄՆ այցը բանակցությունների շարքի մասն է, որոնք ուղղված են միջուկային գործարքի փրկությանը: Չնայած բանակցություններն առաջընթացի նշան են, ֆրանսիացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Թեհրանը սխալ ազդակ կհաղորդի, եթե շարունակի սպառնալ այս շաբաթ իր միջուկային գործունեության ակտիվացմամբ:
Երկուշաբթի Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել էր իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, իսկ նրա տեղակալ Աբաս Արաղչին ուղեւորվել էր Փարիզ՝ տնտեսագետների եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների խմբի հետ: Ըստ իրանական մամուլի եւ պաշտոնատար անձանց՝ Արաղչին քննարկել է ֆրանսիական առաջարկը իրանական նավթային արտահանման վերականգնման համար 15 մլրդ դոլար վարկային գիծ տամադրելու մասին:
Լե Մերը հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Սթիվեն Մնուչինի հետ, իսկ հետո «Թվիթերում» նշել, որ կառուցողական բանակցություն է վարել թվային հարկման շուրջ՝ Իրանին չհիշատակելով: Ավելի ուշ նա պետք է հանդիպի տնտեսության հարցերով խորհրդական Լոուրենս Քուդլոուի եւ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով՝ Լե Մերը քննարկել է ընկերություններին պատժամիջոցներից բացառում տրամադրելու հարցը, որոնք Իրանին թույլ կտային նավթ վաճառել:
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե Թրամփը հստակ հասկացրել է, որ Իրանն ԱՄՆ-ից ոչ մի տնտեսական օգուտ չի ստանա միջուկային համաձայնագրին վերադառնալու համար: Պաշտոնյան ասել է, որ եվրոպական երկրները հուսահատորեն փորձում են փրկել այն, ինչը վարչակազմը համարում է «սարսափելի գործարք»:
Իրանցի օրենսդիրի խոսքով՝ Ֆրանսիայի առաջարկը, որը մշակվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ մի քանի ժամ տեւած հեռախոսազրույցի եւ վերջերս Զարիֆի հետ հանդիպման ընթացքում, նախատեսում է Իրանին 15 մլրդ դոլարի վարկային գծի տրամադրում:
Ֆրանսիան առաջարկել է փողը վճարել 3 մասով, իսկ դրա դիմաց Իրանը կհրաժարվի միջուկային համաձայնագրի շրջանակում պարտավորությունների հերթական կրճատումից եւ վերջնարդյունքում կվերադառնա համաձայնագրին լիակատար հետեւելուն:
Ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մակրոնը եւ Ռոհանին անցած հանգստյան օրերին խոսել են 2 ժամ:



























