Երբ Հրայր Թովմասյանն ընտրվում էր Ազգային ժողովի կողմից, այն ժամանակ հնչեցված որոշ մտահոգություններ կային, որ նա, լինելով քաղաքական պաշտոնյա, Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական խմբակցությունում, քաղաքական կաշկանդվածություն ունի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին:

«Նույնը մենք ասել ենք նաև Վահե Գրիգորյանի դեպքում, որ նա, սերտ կապերով կապված լինելով գործող քաղաքական մեծամասնության հետ, քաղաքական կոմպոնենտը մեծ է նրա նշանակման, ընտրման պրոցեսում: Պարոն Թովմասյանի քաղաքական զսպվածությունը կամ անկաշկանդությունը կասկածի տակ է դրվում: Ըստ այդմ՝ մենք կողմ կքվեարկենք, թող արդեն գնահատականը տա իրավասու մարմինը՝ Սահմանադրական դատարանը»,- ընդգծել է Գեւորգ Գորգիսյանը: