2019 թվականի սեպտեմբերի 26-28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Նեյրոգլիայի գործառույթները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների պատվավոր ակադեմիկոս Ալեքսանդր Իլյայի Ռոյտբակի 100-ամյակին։
Գիտաժողովին, որի հովանավորներն էին Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպությունը (International Brain Research Organization - IBRO) եւ միջազգային այլ կազմակերպություններ, մասնակցել են հայտնի ֆիզիոլոգներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ճապոնիայից եւ աշխարհի այլ երկրներից։ Հրավիրված էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։
Նեյրոգլիան կամ գլիալ բջիջները բջիջների երկու տեսակներից մեկն են, որոնք ձեւավորում են գլխուղեղը։ Համաձայն վերջին տվյալների՝ գլիալ բջիջների քանակն առնվազն հավասար է կամ անգամ զգալիորեն գերազանցում է երկրորդ տեսակի բջիջների՝ հանրահայտ նեյրոնների թվին։
Ա.Ի. Ռոյտբակը Խորհրդային Միության այն սակավաթիվ գիտնական ֆիզիոլոգներից էր, որն առաջին անգամ ապացուցեց, որ գլիալ բջիջները ոչ միայն ուղեկցող դեր են կատարում նեյրոնների համար՝ ապահովելով դրանց կենսագործունեությունը, այլեւ ակտիվորեն մասնակցում են նեյրոնային ցանցերի կողմից իրականացվող՝ տեղեկատվության վերամշակման եւ հաղորդման գործընթացներին։ Նա առաջին անգամ առաջադրեց հիփոթեզն այն մասին, որ գլիալ բջիջներն ընկած են գլխուղեղի բազմաթիվ պոտենցիալների գեներացիայի հիմքում, օրինակ՝ գլխուղեղի կեղեւի դանդաղ բացասական պոտենցիալը (ԴԲՊ), էլեկտրառետինագիրը եւ այլն։
Հայ գիտնականների հետ սերտ բարեկամական ու գործընկերային կապերը, մասնավորապես՝ Հայաստանի ԳԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Վ.Վ. Ֆանարջյանի, Ջ.Սարգսյանի եւ Նեյրոնային համակարգերի մաթեմատիկական մոդելավորման լաբորատորիայի հետ, թույլ տվեցին մի շարք համատեղ հետազոտություններում հաստատել Ա.Ի. Ռոյտբակի որոշ հիմնարար հիփոթեզները նեյրոնա-գլիալ փոխգործակցության մեխանիզմների մասին եւ ստեղծել նման փոխգործակցության մաթեմատիկական մոդել ԴԲՊ գոյացման ժամանակ։
Գիտաժողովին ներկայացված էին գլիալ բջիջների հետազոտման ամենավերջին ձեռքբերումները եւ զարգացման ուղիները, որոնք հաստատում են Ա.Ի. Ռոյտբակի գաղափարներն ու հիփոթեզները, որոնք նա առաջադրել էր ավելի քան 40 տարի առաջ։
Համաձայն նորագույն տվյալների՝ գլիալ բջիջներն ամենաակտիվ ու տարատեսակ միջոցներով կարգավորում են նեյրոնների աշխատանքը։ Դրանք կարող են ճնշել կամ ուժեղացնել նեյրոնների միջեւ կապերը, կառավարել նյարդային հյուսվածքներով ազդակների հաղորդման արագությունը եւ այլն։ Գլիալ բջիջների մեծ մասը գտնվում է մշտական շարժման մեջ, ինչը կարելի է տեսնել վիզուալացման ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Այնպես որ, «ուղեղը շարժվում է» պատկերավոր արտահայտությունը պետք է հասկանալ բառի բո՛ւն իմաստով։
Հոբելյանական գիտաժողովը կարելի է համարել «Նեյրոգլիայի գործառույթները» միջազգային գիտաժողովների շարքի շարունակությունը 30-ամյա ընդմիջումից հետո, որոնք կազմակերպվել են Ա.Ի. Ռոյտբակի կողմից Թբիլիսիում 1976, 1984 եւ 1989 թվականներին։ Հոբելյանական գիտաժողովի մասնակիցները եւ կազմակերպիչները հույս եւ պատրաստակամություն են հայտնել հետագայում անցկացնել գիտաժողովներ նեյրոլոգլիայի հարցերի վերաբերյալ մշտական հիմքով՝ երկու կամ երեք տարին մեկ։






































