Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով սպառնալիք չի ներկայացնում: Հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ նախագահի դեմ դատավարությունը Նիկոլ Փաշինյանի վրեժը չէ, սակայն «Մարտի 1-ի գործի» շրջանակում քաղաքական եւ իրավական ուղղությունները խառնվել են: «Հիմա ուրիշ մարդիկ են իշխանության, եւ նրանք չպետք է վախենան այս գործը քննել: Անհրաժեշտ է դատավարությունն արագացնել: Դրանից բացի, պետք է քննել բուն սպանությունները: Հարցեր է հարուցում նաեւ այն, թե ինչու գործին ներգրավված չէ Սերժ Սարգսյանը, եւ ինչու չեն քննվում 1996 թվականի իրադարձությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ 2008 թվականի իրադարձություններից Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու փորձերը վնասում են հենց իրեն:

Փորձագետը նշեց, որ իշխանության գալով՝ այսօրվա պաշտոնյաները ռեսուրսներ չունեին պետական կառավարումն իրենց ձեռքը վերցնելու համար, եւ այդպիսի պայմաններում 2 ճանապարհ կա՝ կա՛մ ավտորիտարիզմի գնալ, կա՛մ կատարել սեփական շարքերի զտում: «Ուշագրավ է, որ թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը պայքարում են անցյալի դեմ, եւ չկա այլընտրանք՝ բացի այն, որ իշխանության կարող են գալ հին ուժերը: Նման վիճակը ձեռնտու չէ նաեւ նախկին ուժերին, քանի որ այլընտրանքային իշխանության առկայության դեպքում առիթ չէին ունենա խոսելու միայն այն մասին, որ եթե մենք  չլինենք, ապա նախկինները կարող են վերադառնալ: Դրանից բացի, նոր իշխանությունները կարծում էին, որ հեշտ կլինի կողոպտածը վերադարձնել: Այսօրվա իշխանության փորձի բացակայությունը բերեց նրան, որ ներկայացրած միլիարդների փոխարեն, հայտնաբերվել են ընդամենը միլիոններ»,- նշեց Էդվարդ Անտինյանը:

Փորձագետի կարծիքով՝ նախկին իշխանության ներկայացուցիչները ղեկավարվում են միայն ռեւանշիզմով, եւ սրանով են պայմանավորված մշտական տեղեկությունները, թե ներկայիս իշխանությունները շուտով կփոխարինվեն: «Դրա փոխարեն, նրանք կարող էին իրենց ռեսուրսներն ու էներգիան ուղղել երկրի համար ավելի կառուցողական հուն»,- եզրափակեց նա: