Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի եկել ԱԺ նիստին, որտեղ քննարկվում է նրան լիազորություններից զրկելու նախաձեռնությունը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը, մասնավորապես, նշեց, որ Հրայր Թովմասյանը պատշաճ կարգով հրավիրվել է, բայց այդպես էլ չի եկել:
Թովմասյանի դժբախտությունը սաստկացավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո: Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ ՍԴ նախագահը խախտում է թույլ տվել մասնակցելով գործի քննությանը: Իշխող դաշինքից պատգամավորների կարծիքով՝ Թովմասյանի եւ Քոչարյանի փաստաբաններից մեկի միջեւ բարեկամական կապեր կան, ինչը կասկածի տակ է դնում ՍԴ քննության օբյեկտիվությունը:
Իր ելույթում Գրիգորյանը թվարկեց Թովմասյանի ծառայողական ցուցակը՝ հայտարարելով, որ նա եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ նախորդ իշխանության առանցքային դեմքերից մեկը՝ վայելելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վստահությունը: Գրիգորյանը նաեւ նշեց մեխանիզմը, ըստ որի Թովմասյանը դարձել է ՍԴ նախագահ:
Այսօր Սուրեն Գրիգորյանը նաեւ հիշեցրեց, որ Թովմասյանը նախկինում արտահայտել է իր տեսակետը «Մարտի 1-ի գործի» շրջանակում դատավարության վերաբերյալ՝ հավելելով, որ նա մասնակցել է քրեական գործի վարույթին, ինչը նրա օբյեկտիվության հանդեպ կասկած է հարուցում:
«Թվարկված բոլոր փաստերը վկայում են, որ Թովմասյանը չպետք է մասնակցեր Քոչարյանի գործի քննությանը»,- պնդում է Գրիգորյանը:
Նշենք, որ ինքը՝ Հրայր Թովմասյանը նախօրեին հայտարարել էր, որ խորհրդարանի նիստին չի մասնակցելու, քանի որ իր դեմ նախաձեռնված քննարկումը քաղաքականացված է համարում:
Նշենք նաեւ, որ եթե խորհրդարանը նախագիծը ընդունի, այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է 80 պատգամավորի ձայն, այսինքն՝ խորհրդարանականների ընդհանուր թվի 3/5-ը: Այն, սակայն, խորհրդատվական բնույթ ունի: Վերջնական որոշումը պետք է ընդունի Սահմանադրական դատարանը ձայների 2/3-ով:





























