2010 թվականին Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ 40 տոկոսից մի փոքր կանցնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա նշեց, որ միջազգային ստանդարտներով վերին վտանգավոր սահման է համարվում, երբ ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը գերազանցում է 50 տոկոսը: Այդ դեպքում սկսում է գործել սահմնափակում, ըստ որի բյուջեի դեֆիցիտը չպետք է բարձր լինի ՀՆԱ 3 տոկոսից: Հիշեցնենք, որ 2009-ին այդ ցուցանիշը կազմելու է 6,5-7 տոկոս, իսկ 2010 թվականի համար` 5,7 տոկոս:

Ի դեպ, անդրադառնալով այս տարվա ընթացքում վերցված ավելի քան 2 միլիարդ դոլարի հասնող վարկային միջոցներին, Տ. Դավթյանը տեղեկացրեց, որ դրանցից 2009 թվականին բյուջեի ֆինանսավորմանն է ուղղվել 60 միլիոն դոլար ՀԲ տրամադրած վարկից, 150 միլիոն դոլար` ԱՀՄ վարկից, 80 միլիոն դոլար Ասիական բանկից: 2010 թվականին բյուջեի ֆինանսավորմանն է ուղղվելու 30 միլիոն դոլարի վարկ Համաշխարհային բանկից եւ 150 միլիոն դոլար` ԱՀՄ վարկից: Այս միջոցները մտնել կամ մտնելու են բյուջեի «ընդհանուր կաթսայի» մեջ, իսկ ահա ռուսական 500 միլիոն դոլարի վարկային միջոցները, թեեւ ներառված են բյուջեի նախագծում, սակայն դրանք ոչ թե ուղղվելու են ընթացիկ ծախսերին, այլ տնտեսության խթանմանը: Մասնավորապես 95 միլիարդ դրամ արդեն ուղղվել է տնտեսական մի շարք ոլորտների ձեռնարկություններին` շինարարական, լեռնամետալուրգիական եւ եւս 24 միլիարդ դրամ ուղղվելու է աղետի գոտուն: Տ. Դավթյանը նկատեց, որ բացի աղետի գոտուն հատկացվող միջոցներից, մնացած միջոցների վերադարձման ռիսկն ընկնելու է մասնավոր հատվածի վրա, որոնք այդ գոմարները վարկ են վերցրել կառավարությունից:

Տեղեկացնենք, որ ռուսական 500 միլիոն դոլարի վարկը վերցվել է լիբոր+3 տոկոսադրույքով (ներկայումս լիբորը կազմում է 1,7 տոկոս) իսկ տնտեսվարողներին տրվել է լիբոր+ 4, +5 կամ նույնիսկ +6 տոկոսադրույքով: