Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի օրը երեք ամսով՝ մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելուն: Այս մասին երկուշաբթի Բրյուսելում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ 27 երկրները համաձայնել են հավանություն տալ Brexit-ը մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու մասին Մեծ Բրիտանիայի հայցին»,- ասել է նա:
Տուսկի խոսքով՝ այս «որոշումը պաշտոնապես կձեւակերպվի գրավոր ընթացակարգով»:
Մեծ բրիտանիան պետք է լքեր ԵՄ կազմը 2019թ. մարտի 29-ին, այսինքն՝ ԵՄ-ից դուրս գալու մասին գրավոր ծանուցում տալուց հետո 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ չեղարկել են Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ստորագրվել էր Բրյուսելի եւ Թերեզա Մեյի կառավարության միջեւ: Արդյունքում ԵՄ-ն համաձայնեց Brexit-ը հետաձգել մինչեւ ապրիլ կամ մայիս, ապա՝ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը դուրս բերել փակուղուց: Նրա հեռանալուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բորիս Ջոնսոնը պնդում է, որ երկիրը ԵՄ-ն պետք է լքի հոկտեմբերի 31-ին համաձայնագրով կամ առանց դրա, սակայն խորհրդարանի ընդունած օրենքի պատճառով ստիպված էր հոկտեմբերի 19-ին Եվրոպական խորհրդին նոր հայց ուղարկել Brexit-ը մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու մասին:




























