Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների արժանացած 30 ուսանողներին եւ աշակերտներին: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին եւ մաղթել նորանոր հաջողություններ: Երկրի ղեկավարը կարեւորել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնած եւ արդեն ավանդական դարձած այս մրցանակաբաշխությունը` նշելով, որ այն եւս մեկ հնարավորություն է` բացահայտելու եւ զարգացնելու շնորհաշատ երիտասարդների կարողությունները:
Հանդիպմանը ներկա «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանն ասել է, որ ընկերությունը Հայաստանում երկարաժամկետ ծրագրեր ունի եւ շարունակելու է ներդրումները տեղեկատվական տեխնոլոգիաների գիտակրթական ոլորտում:
Սերժ Սարգսյանը «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին պարգեւատրել է հատուկ մրցանակով` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենամյա կրթական պարգեւների մրցանակաբաշխության կայացման գործում նշանակալի ավանդի համար:




























