Դատախազ Վահագն Մուրադյանի պաշտպան Տիգրան Մուրադյանը պատրաստվում է բացարկ ներկայացնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործով Վարչական դատարանի դատավորին։ NEWS.am-ի հետ զրույցում Վահագն Մուրադյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն ասաց՝ իրենք համոզված են այդ հրամանը ոչ իրավաչափ է։
Նշենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով գլխավոր դատախազության կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրվել է զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Դատախազն էլ վիճարկում է վերացնել գլխավոր դատախազի այդ հրամանի օրինականությունը։
«Դատական նիստին մասնակցող Դատախազության ներկայացուցիչն հայտնեց, որ ըստ էության Գլխավոր դատախազի կամքն ու մտածողությունն է եղել, այլ ապացույց գոյություն չունի։ Դա ձայնագրվել է։ Եվ դա մենք համարում ենք կամայական մոտեցում, որովհետեւ նա չի կարող նման պաշտոնից մեկ այլ անձի կամքով ազատի, պետք է բավարար փաստեր, ապացույցներ, որոշակի հանգամանքներ լինեն, չի կարող մեկը ունենալ ներքին ցանկություն փոփոխելու եւ փոփոխի։ Գիտենք, որ Սահմանադրության 6 հոդվածով՝ պաշտոնատար անձինք կաշկանդված են, իրենք պետք է կատարեն միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են»,- ասաց Վահագն Մուրադյանի ներկայացուցիչը։
Նա հայտնեց, որ Վարչական դատարանի դատավորը պատշաճ միջոցներ չի ձեռնարկում այս գործով օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, եւ իրենք դատավորին պատրաստվում են բացարկի միջնորդություն ներկայացնել. «Դատարանի վրա ճնշում են գործադրում, դա, հավանաբար, դատավարության մյուս կողմն է, այսինքն՝ Դատախազությունը։ Ըստ էության դատավորը պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները որոշման հիմք հանդիսացող հանգամանքները պարզելու համար»։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վ. Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել եւ նշանակվել է համարժեք՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Նշված երկու պաշտոններն ընդգրկված են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված դատախազությունում պաշտոնների աստիճանակարգության խմբերի նույն` 3-րդ խմբում: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից բխում է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աստիճանակարգությանը համապատասխան՝ ՀՀ դատախազության համակարգում պաշտոնների նույն խմբի համարժեք մեկ այլ պաշտոնում նշանակվելու համար դատախազի համաձայնությունը չի պահանջվում: Նման իրավակարգավորումը պայմանավորված է ՀՀ դատախազության՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարությամբ գործող միասնական, կենտրոնացված համակարգի սահմանադրաիրավական գործառույթների պատշաճ իրացման անհրաժեշտությունից.
«Ինչ վերաբերում է դատական նիստի ընթացքում ՀՀ դատախազության ներկայացուցչի կողմից արված՝ մատնանշած այդ արտահայտությանը, ապա այն ուղղված է եղել ընդգծելու ՀՀ դատախազության գործունեության կազմակերպման համատեքստում ՀՀ գլխավոր դատախազի սահմանադրաիրավական կարգավիճակից, դատախազության բնականոն գործունեության համար պատասխանատու լինելու պարտավորությունից բխող եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով կանոնակարգված հայեցողական լիազորությունները»:



























