Գյուղատնտեսական սեզոնի սկզբում թեժացել են գյուղատնտեսական քաղաքականության եւ հատկապես` այդ ոլորտի վարկավորմանը նվիրված քննարկումները: Առիթը հանրապետության նախագահի հրավիրած խորհրդակցությունն էր, որտեղ նա Կենտրոնական բանկին հանձնարարեց միջոցներ ձեռք առնել գյուղատնտեսության վարկավորումը ավելի դյուրինացնելու համար:
Հավանաբար` գյուղատնտեսության վարկավորման խնդիրը սկսում է հենց այդտեղից` մինչ նախագահը չբարկացավ, բանկային համակարգը պատշաճ ուշադրություն չդարձրեց գյուղատնտեսությանը: Այնինչ հայտնի է, որ վարչական լծակներով մասնավոր սեկտորի ուղղորդումն այնքան էլ արդյունավետ չէ:
Տնտեսական լրագրողների ակումբը ապրիլի 6-ին քննարկում էր կազմակերպել Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի, «Գառնի ինվեստ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Բագրատ Ասատրյանի եւ ՀՅԴ անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասնակցությամբ:
Բ. Ասատրյանը ներկայացրեց գյուղատնտեսության վարկավորման հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ: Այսպես` գյուղատնտեսությանը հատկացվող վարկային ռեսուրսները 2010 թ. կազմել են գյուղատնտեսական արտադրանքի ընդամենը 8.3 տոկոսը, այն դեպքում, երբ արդյունաբերությունում այդ ցուցանիշը 25 տոկոս է, շինարարությոնում` 12.6 տոկոս, առեւտրում` 16 տոկոս: Սա ցույց է տալիս, որ համեմատած մյուս ճյուղերի հետ` գյուղատնտեսության վարկավորման մակարդակը շատ ցածր է:
Գյուղատնտեսական վարկերից, ըստ Ասատրյանի, օգտվում են մոտ 30 հազ. տնտեսություններ: Սա շատ ավելի քիչ է, քան 20-րդ դարի սկզբին, երբ առաջին հանրապետությունում ստեղծված մի քանի տասնյակ ֆինանսավարկային կազմակերպություններ կայուն վարկավորում էին մոտ 37 հազ. տնտեսությունների:
Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն էլ նշեց, որ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան մյուս ոլորտներին հատկացվող վարկերինը: Այսպես` գյուղատնտեսությունը վարկավորվում է 17-19 տոկոսով, իսկ արդյունաբերությունը` 14 տոկոսով:
Սակայն շահեկան վիճակում են գյուղատնտեսական հումք վերամշակող ընկերությունները, որոնք վարկ ստանում են 11-12 տոկոսով: Ըստ Օսիպյանի` ռիսկը գյուղատնտեսությունում շատ բարձր է, երբեմն այն հնարավոր չէ նույնիսկ գնահատել (օրինակ` բնակլիմայական ռիսկը):
Աշխարհի 104 երկրներում այս խնդիրը լուծում են ապահովագրության միջոցով, որը սակայն թանկ պրոդուկտ է եւ ոչ մատչելի փոքր տնտեսությունների համար: Կան երկրներ, որտեղ կառավարությունն իրականացնում է ապահովագրության դոտավորում:
Օսիպյանը նշեց, որ գյուղատնտեսության վարկավորումը դժվարացնում են մի շարք այլ խնդիրներ: Այսպես` գյուղտեխնիկան անհնար է գրավով վերցնել, քանի որ դրանց մեծամասնությունը ոչ մի տեղ գրանցված չէ; Կամ` բացակայում է անասունների պասպորտիզացիան, որն էապես կնվազեցներ ռիսկը: Չնայած դրան` բանկերը շահագրգռված են գյուղատնտեսության վարկավորմամբ, քանի որ բանկային համակարգում կա մեծ մրցակցություն, եւ բանկերն անընդհատ նոր ոլորտներ են փնտրում վարկավորելու; Այդ հեռանկարային ոլորտներից մեկն էլ գյուղատնտեսությունն է` հավաստիացնում է բանկերի միության նախագահը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ` գյուղատնտեսական վաարկերի տոկոսադրույքների իջեցումով ոչ մի ֆունդամենտալ խնդիր չի լուծվի; Բանկերը, նրա խոսքով, առանց այն էլ ունեն ավելցուկային միջոցներ, որոնք պարզապես չեն օգտագործում; Դրա մասին է վկայում այն փաստը, որ բանկային համակարգի կապիտալի հարաբերակցությունը ակտիվներին կազմում է 22 տոկոս` նորմատիվային 11 տոկոսի փոխարեն: Գյուղատնտեսական վարկերի 70 տոկոսն էլ կարճաժամկետ եւ փոքր վարկեր են` մինչեւ 1 տարի ժամկետով եւ 2-3 հազ. դոլար ծավալով: Նման վարկավորման պարագայում գյուղատնտեսությունում ոչ մի ներդրումային ծրագիր չի իրագործվի: Բացի այդ` վարկերի մեծ մասը տրվում է արտարժույթով, որը գյուղացու համար հավելյալ ռիսկեր է ստեղծում:
Ըստ Ա. Մինասյանի` վարկ վերցրած գյուղացիների մեծ մասը ներկայում անվճարունակ է, եւ ընդհանրապես` «միայն վարկով գյուղացուն փրկել հնարավոր չէ»:




























