Գյումրիի «Համբույր» հրուշակեղենի արտադրամասը շուտով թխվածքներ կարտադրի արդեն Թբիլիսիում: Այս մասին հայտարարել է ձեռնարկատեր Մուշեղ Մինասյանը, ով  արտադրության ոլորտում աշխատել է արդեն 10 տարի:

«Վրաստանի տնտեսական քաղաքականությունը, բռնած դիրքը, ամեն ինչ ճիշտ է: Կա օրենքի կայունություն, թեկուզ տոկոսադրույքն ավելի բարձր լինի, գիտես, որ տալիս ես ու վերջ, մոնոպոլիա չկա, կոռուպցիա չկա»,-Վրաստան տեղափոխվելու հանգամանքը այսպես է բացատրել «Համբույր» ձեռնարկության տնօրենը, հավելելով, որ Թբիլիսիում գործելու համար արդեն նախնական պայմանավորվածությունը ձեռք բերված է:

Նա շատ է դժգոհել Հայաստանում հաճախակի ու անհարկի հարկային ստուգումներից: «Լոզունգ են դարձրել, ասում են`օրենքի չիմացությունը չի օգնում խուսափել պատասխանատվությունից: Պետք է օգնեն, որ իմանաք օրենքը, իսկ մեզ մոտ հարկայինն ուղղակի պատժիչ ջոկատ է եւ ոչ գործընկեր»,- ասել է նա:

Մուշեղ Մինասյանն առայժմ պատրաստվում է գործունեություն ծավալել Գյումրիում ու Թբիլիսիում զուգահեռաբար, բայց չի բացառում, որ կարող է ընդհանրապես հեռանա Հայաստանից: «Միտք չունեմ ընդհանրապես գնալու, բայց չեմ երաշխավորի, որ եթե բիզնեսս այնտեղ հաջող լինի, չեմ գնա»,- նշել է գործարարը: նա չի բացառել նաեւ, որ «Համբույր» արտադրությունում ներգրավված մոտ մեկ տասնյակ աշխատողները եւս ձեռնարատիրոջ հետ տեղափոխվեն Թբիլիսի: