«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի՝ ՀԱԿ-ի մասին տրված որակումներն ընտրել է ինքը՝ Ռուբեն Հակոբյանը։ Ապրիլի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ Հակոբյանի կողմից արված այն հայտարարությանը, թե հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ից միայն կամուֆլյաժը կմնա։

Սաֆարյանի խոսքով, ասել, թե որեւէ բառ կուսակցության պաշտոնական դիրքորոշում կամ գնահատական է, ճիշտ չի լինի։ «Այդ բառաֆոնդով խոսելը նրա իսկ ընտրությունն է եղել։ Իր գնահատականները «Ժառանգություն» կուսկացության եւ ՀԱԿ-ի միջեւ վերջին շրջանում ստեղծված իրավիճակում շատ մեծ բան չեն փոխում»,- մեկ անգամ եւս շեշտեց նա։
Անդրադառնալով ՀԱԿ-«Ժառանգություն» հարաբերություններին՝ կուսակացության ներկայացուցիչն ասաց, որ «երկու կողմերս էլ պետք է կանգ առնենք, որովհետեւ երկու ընդդիմադիր ուժերի միջեւ տարաձայնություններ կարող են լինել, բայց եթե դրանք երկար են ձգվում, ապա դա արդեն նորմալ չէ»։

«Ապրիլի 8-ի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ից դուրս գոյություն ունեցող ուժերի դեմ իրականացվող արշավի պատասխանատվություն ստանձնեց։ 3-րդ ուժի եւ ՀԱԿ-ից դուրս գտնվող միավորների մասին նրա ելույթը Րաֆֆի Հովհաննիսյանին չբարեւելու ավելի համոզիչ բացատրություն էր, քան մարտի 17-ի հանրահավաքի հաջորդ օրը Հովհաննես Մանդակունու տեքստից արված վկայաբերումները»,- ասաց Սաֆարյանը։

Ամփոփելով՝ պատգամավորը նկատեց, որ ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» միջեւ եղած հարաբերությունները մեղմել եւ ստեղծված իրավիճակին վերջակետ դնել կարող է նաեւ ինքը՝ ՀԱԿ առաջնորդը. «Սակայն վախենամ, որ ապրիլի 8-ի նրա ելույթից հետո դա ուղղակի հնարավոր չէ»,- ափսոսանք հայտնեց նա։

Հիշեցնենք, որ ՀԱԿ-«Ժառանգություն» հակասությունն ի հայտ եկավ, մարտի 17-ի ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնելով Ազատության հրապարակ, չմոտեցավ հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի մոտեցել, քանի որ անընդունելի է համարել հրապարակային ծոմապահությունը, իր խոսքը հիմնավորելով Հովհաննես Մանդակունուց մեջբերումներով: