Ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չեխովի փողոցի թիվ 48/27 շենքի հարակից տարածքում ապրիլի 12-ի երեկոյան վերամբարձ կռունկը թեքվել է եւ առկա է նրա շրջման վտանգը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ տարածքում իրականացվում են բնակելի շենքերի շինարարություն (նախնական տվյալներով «Միկա» շինարարական կազմակերպության կողմից), որտեղ վերամբարձ կռունկը թեքվել է եւ առկա է նրա շրջման վտանգը նորակառույց, չբնակեցված շենքի վրա:

Շինարարություն իրականացնող կազմակերպության պատասխանատու անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի տարածքն անհապաղ փակվի եւ կռունկի շրջման վտանգը վերացվի:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: