Թերթը զրուցել է Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի հետ:

«Մենք առաջարկել ենք ձեւաչափ, որ կարող է միավորել ընդդիմադիր ուժերին։ Ասում ենք` եկեք միանանք մեկ ընդհանուր նպատակի, գաղափարի շուրջ, որ Դաշնակցության մենաշնորհը չէ, որի տակ ցանկության դեպքում կարող են մտնել բոլոր քաղաքական ուժերը` խնդիր դարձնենք ընտրական իրավունքի պաշտպանությունը, եթե ուզում ենք իրականում արդար, թափանցիկ ընտրություններ։

Եթե պայքարը դրա համար է, ինչո՞ւ չենք սա համարում հիմնական խնդիր, ինչո՞ւ չենք արձագանքում։ Միավորումները պիտի թելադրված լինեն բնական մղումներով, ոչ թե արհեստականորեն «ուժեղանալու» կամ ուժեղ երեւալու ցանկությամբ։ Դա մեր ճանապարհը չէ»,- նշել է Շահբազյանը։

Նա նշել է, թե իրենք դեռ չեն ճշտել` առանձի՞ն կգնան ընտրություններին, թե՞ իրենց կմիանան այլ ուժեր: «Չնայած շատ դեպքերում նախընտրել ենք միայնակ գնալ եւ առանձնապես հետաքրքրված չենք արհեստական ինչ-որ միավորումներ ստեղծելու տեսլականով, մեր անվան կողքին ինչ-որ անուններ շարելու խնդիր չունենք։ Լավ գիտենք` քաղաքական դաշտում իրականում գործող քանի կուսակցություն կա, եւ «սեփական տան վրա գրանցված» քանի կուսակցություն, որոնց կարելի է կպցնել քո անվանը եւ ներկայանալ որպես «համախմբման կենտրոն», 15, 20, 30 կուսակցությունների դաշինք, միավորում։ Նման մանր խորամանկություններով ոչ մեզ ենք ուզում խաբել, ոչ հանրությանը»,- ասել է նա։

Դաշնակցական պատգամավորը նաեւ խոստովանել է, թե ՀՅԴ-ն արտախորհրդարանական ընդդիմության նկատմամբ մի առավելություն ունի։ «Դա մեր կարգավիճակն է։ Խորհրդարանական ընդդիմության կարգավիճակը մեզ հնարավորություն է տալիս ոչ թե խոստումներ տալ, այլ կոնկրետ գործ անել։ Ինքներդ տեսնում եք` Դաշնակցության պատգամավորներն անընդհատ արծարծում են կարեւորագույն սոցիալական, տնտեսական եւ այլ խնդիրներ, որոնք իսկապես հուզում են հանրությանը եւ միտված են սոցիալապես անապահով խավի, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հրամայականին»,- նկատել է Շահբազյանը: