«Երկիր»-ն իր խմբագրականում գրում է. «Քաղաքապետարանը բոլոր ուղղություններով բռնել է արդիականացման եւ բարեփոխումների ճանապարհը, սակայն կա մի հարց, որում դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ` դա Ազատության հրապարակում իրենց անճաշակ ու անիմաստ միջոցազռումներից բացի որեւէ այլ բան կազմակերպելու պատճառաբանված վետոն է: Վետոն էլ` վետո չէ, քանի որ այն վաղուց արհամարհվում է բոլորի կողմից: Բայց դե, հանձնարարականը դեռ չի փոխվել, ուրեմն պետք է արգելել: Արգելվում են ոչ միայն քաղաքական միջոցառումները, այլեւ Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման, արդեն ավելի քան տասը տարի կազմակերպվող եւ ավանդական դարձած միջոցառումները:

Արդեն ծիծաղելի դարձած այս համառության անիմաստությունը ակնհայտ է ոչ միայն այդ արգելքից անկախ «լուրջ» դեմքով բանակցող ու հրապարակն ազատող «արմատական» ընդդիմության եւ իշխանության խաղը հեգնանքով դիտող հսարակության, այլեւ հենց իշխող կուսակցության ղեկավարության համար: Այս անգամ մտքի աննախադեպ թռիչքով հերթական անգամ փայլեց ՀՀԿ փոխնախագահը, որը խորհուրդ տվեց նախաձեռնողներին միջոցառումը Ազատության հրապարակում կազմակերպելու համար բանակցել…ոստիկանության հետ, բերելով ՀԱԿ-ի հաջող բանակցությունների օրինակը: Ահա այսպես է իշխանութունը հայտնվում զավեշտալի վիճակում, իսկ նրա որոշումների նկատմամբ հարգանքի վերջին նշույլները հօդս են ցնդում»: