Վերջին շրջանում Հայաստանում աճում է հետաքրքրությունը այգեգործության նկատմամբ: Ըստ էության` սա դիտարկվում է որպես արտահանման աճի ամենամեծ պոտենցիալ ունեցող ճյուղերից:  Հատկապես նախալեռնային գոտիներում ներկայոմ շատ ինտենսիվ տնկվում են նոր այգիներ: Նույնիսկ որոշ խոշոր օլիգարխներ լրջորեն մտորում են այդ ուղղությամբ ներդրումների մասին եւ արդեն քայլեր են կատարել: 

Վերջին պաշտոնական տվյալներով` Հայաստանում ներկայում առկա են  20 հազ. հա կորիզավորների, 1700 հա ընկուզավորների, մոտ 17 հազ. հա խաղողի այգիներ: Նորմալ բերքատվության տարիներին սա շատ ավելին է, քան պետք է Հայաստանին:

Կա զարգացման 2 ճանապարհ` կամ խթանել թարմ մրգի արտահանումը, կամ զարկ տալ վերամշակող արդյունաբերությանը: Ճիշտն իհարկե 2 ուղղությունների համադրումն է, սակայն խնդիրը որոշ համակարգման կարիք ունի; Մինչ այսօր գյուղացիները կամ խոշոր ֆերմերները կուրորեն են որոշել, թե հատկապես որ միրգն է նախընտրելի: Այդ պատճառով որոշ մրգատեսակների մոտ առաջանում է գերարատադրություն, մյուսներն ունեն չիրացված մեծ պոտենցիալ: Ի տարբերություն բանջարաբոստանային կուլտուրաների`այգիների դեպքում գյուղացին չի կարող մեկ անգամ ընդունած որոշումը արագորեն փոխել շուկայի իրավիճակին համապատասխան: Բազմամյա տնկարկների շուկայավարության հարցում պետությունը պետք է ունենա լուրջ դերակատարում:

Վերջին շրջանում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի ոչ միայն ծիրանի կամ խաղողի մասով, որոնք իրավամբ համարվում են հայկական բրենդ, այլ նաեւ կեռասի, հոնի, ընկույզի հետ կապված: Եթե կատարվեն լուրջ ներդրումներ` ապա արդյունքները իրենց զգացնել կտան որոշ ժամանակից:

Այս ուղղությամբ որոշ ուշացած քայլեր արդեն արվում են: Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի օժանդակությամբ ստեղծվում է «Հայկական միրգ» ընկերությունը, որի հիմնական գործառույթներից մեկը լինելու է հայկական մրգերի համար միջազգային շուկա գտնելը:

Արտահանման տեսանկյունից, իհարկե, շատ ավելի նախընտրելի է մշակված կամ չորացված մրգերի արտադրությունը; Դրանք տրանսպորտային խնդիրների առկայության դեպքում ենթակա չեն արագ փչացման; Սակայն հայկական վերամշակող արդյունաբերությունն այս առումով կաղում է:

Որակի հետ կապված խնդիրը կարծես թե լուծվել է, սակայն ընկերությունների շուկայական մարտավարությունը հեռու է բավարար լինելուց:

Հատկապես ապշեցնում է այն, որ Հայաստանը տարածաշրջանում ետ է մնում չրերի արտադրությամբ: տարեկան մի քանի հազ. տոննա չիր ենք կարողանում արտադրել, այն դեպքում, երբ Թուրքիայում կամ Միջին Ասիայում այդ ցուցանիշը չափվում է մի քաի հարյուր հազար տոնաներով:

Հայկական բանկերից մեկի ղեկավարը ժամանակին փորձեց գործընկեր գտնել` չրերի արտադրությունը խրախուսելու համար, սակայն այդպես էլ սայլը տեղից չշարժվեց: Պատճառն այն է, որ սա երկար փողեր է պահանջում, իսկ մեզ մոտ եւ բանկային համակարգը, եւ գործարարները արագ շահույթներ են սիրում:

Այսպիսով`այգեգործությունը իսկապես էլ ունի զարգացման մեծ պոտենցիալ, թեեւ բնապահպանական հետազոտությունները Հայաստանում կանխատեսում են կլիմայի փոփոխություն, որի ազդեցությունը գյուղատնտեսության վրա դեռ չի գնահատված:

Սամվել Ավագյան