Երեւանի մի շարք փողոցներում աղմուկը գերազանցում է թույլատրելի նորման. եթե նախկինում մայրաքաղաքում ցերեկային ժամերին աղմուկը չէր գերազանցում 70, իսկ գիշերային ժամերին՝ 60 դեցիբելը, ապա այժմ ցերեկային  ժամերի աղմուկի նորման գերազանցվում է 5-7 դեցիբելով։ Ապրիլի 16-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց բնապահպան «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով, Երեւանում աղմուկի աղբյուր է հանդիսանում հիմնականում տրանսպորտային  միջոցները, սրճարանների եւ ռեսոտորանների, ինչպես նաեւ CD-ների վաճառքով զբաղվող կետերի չափազանց բարձր երաժշտությունը։

«Այդ օբյեկտների սեփականատերերը կարծում են, որ բարձր երաժշտություն  միացնելով ավելի շատ այցելուներ կգրավեն, սակայն իրականում քանդում են մարդկանց առողջությունը։ Օրինակ, Օղակաձեւ այգում այնքան սրճարաներ եւ իրար մեջ խցկած բարձրախոսներ կան, որ մարդիկ, փոխանակ այգիներում հանգստանալու եւ աղմուկից հեռու մնալու, այդքան բարձր երաժշտություն լսելով՝ սեփական օրգանիզմն ամեն օր սթրեսի են ենթարկում։ Իրականում մենք հանգստի վայրեր եւ անաղմուկ միջավայրեր չունենք»,- ասաց բնապահպանը՝ հավելելով, որ աղմուկի ավելացման ազդանշան Երեւանում պետք է հնչեցվեր դեռ այն շրջանում, երբ այգիներից հեռանում էին երգեցիկ թռչունները։

Ամփոփելով՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ մայրաքաղաքում միմյանց մոտիկ կառուցվող բետոնե կառույցները եւ շենքերը անդրադարձնում են ձայնի ալիքները, ինչն էլ կրկնակի մեծացնում է աղմուկի բացասական ազդեցությունը։ Այնինչ լայնատերեւ  ծառերի առկայության պարագայում ձայնային ալիքները, բախվելով դրանց, մեծ չափով խլանում են։