Հայ ազգային  կոնգրեսի անդամ Սուրեն Աբրահամյանի կարծիքով, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մեջ մեղքի գրեթե հավասար բաժին ունեն երեք մարդիկ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակվա ոստիկանապետ Հայկ Հարությանյանը՝ որպես ժողովրդի վրա կրակելու հրաման տվող, եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ որպես կատարվածը պարտակող։ Նման կարծիք ՀԱԿ անդամն արտահայտեց ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Իհարկե, ՀԱԿ-ն այնքան միամիտ չէ, որ պահանջի մարտի 1-ի դեպքերը բացահայտել մեկ օրում։ Դրա համար համատեղ հանձնաժողով, դրսի փորձագետներ են պետք, բայց երբ հանցանքը բացահայտվի, հանցագործության կատարողներին պատասխանատվության ենթարկելու երկու տարբերակ կա՝ վերեւից եւ ներքեւից։ Մենք բոլորս գիտենք, որ դա իշխանության կողմից կատարված հանցագործություն էր՝ վերեւից տրված հրահանգի պարագայում։ Դրա վկայությունն են միջազգային կառույցների եզրակացություններն ու հանրության սեփական կարծիքը»,- նշեց Աբրահամյանը։

Ի պատասխան՝ ասուլիսի մյուս բանախոս, Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարց հնչեցրեց. «Ի՞նչ է, մարտի 1-ի դեպքերի մեջ ընդդիմությունը մեղք չունի՞։ Օրեր ու շաբաթներ շարունակ թունավորում էին մարդկանց ուղեղները, նրանց մոտ թշնամու կերպար ստեղծում։ Ընդդիմության հիմնական շեշտը միմյանց հանդեպ թշնամանքն սերմանելն էր»։

«Երանի թե երկիրը նորմալ ղեկավարեիք, երանի թե Հայաստանում խնդիրներ չլինեին, որ ՀԱԿ-ն էլ հարյուր հազարանոց հանրահավաքներ կազմակերպելու հիմքեր չունենար»,- ի պատասխան հակադարձեց Սուրեն Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո բազմահազարանոց բողոքի հանրահավաքներ կազմակերպվեցին, իսկ մարտի 1-ին Երեւանում իշխանությունները ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ: Արդյունքում 10 մարդ զոհվեց: Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: