Ռուսաստանի հայերի միությունը նախատեսել է մինչեւ 2015 թվականը մեկ ու կես միլիոն ծառ տնկել Երեւանում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի,եւ այդ կապակցությամբ Երեւանում հիշատակի պուրակ հիմնել:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ միության ներկայացուցիչների հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով մայրաքաղաքի արդյունավետ կառավարման համատեքստում կատարվող աշխատանքը,  քաղաքապետն առանձնացրել է եռաստիճան համակարգի կիրառումը եւ բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը, որը կնպաստի զարգացման ծրագրերի իրականացմանը:

Խոսելով վերջերս մեկնարկած «Օգնիր դպրոցիդ» ծրագրի նպատակների մասին, քաղաքապետը նշել է, որ քարոզչության հարցում ակնկալում է նաեւ Ռուսաստանի հայերի մության աջակցությունը:

Արա Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միության անունից պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին:

Բացի այդ, առաջարկվել է  քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնել  «Մաքուր քաղաք» ակցիան, որն ուղղված է մայրաքաղաքի մաքրությանն ու բարեկարգմանը: