Օրաթերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Առաջիկայում Կոնգրեսի անելիքների ու մարտավարության մասին հարցերն անհիմն չեն: Շատերի համար մասնավորապես այնքան էլ պարզ չէ, թե ինչպե՞ս կարելի է բացառապես օրինական ու սահմանադրական ճանապարհով հասնել այս իշխանությունների հեռացմանը, եթե նրանք ո՛չ Սահմանադրությունն են հարգում, ո՛չ օրենքները: Այսինքն՝ եթե դիմենք հայտնի այլաբանությանը, Կոնգրեսը բռնցքամարտի ռինգում շախմատ է խաղում:
Ցավոք, կա այդ մտայնությունը, որ եթե Կոնգրեսը մերժում է հեղափոխության, այսինքն՝ բռնի իշխանափոխության տարբերակը, ապա նման հակառակորդի պայմաններում որեւէ այլ մարտավարություն հավասարազոր է ոչինչ չանելուն, կամ ինչպես ասացիք՝ բռնցքամարտի ռինգում շախմատ խաղալուն: Սա թեեւ հասկանալի, բայց հիմնովին սխալ ու չափազանց վտանգավոր տեսակետ է երկու պատճառով: Նախ՝ նույնիսկ նման իշխանությունների դեմ պայքարի զինանոցում հեղափոխությունն իսկապես միակ տարբերակը չէ: Կա նաեւ քաղաքացիական անհնազանդություն կոչված շատ հզոր զենքը, ինչին մենք դեռ չենք դիմել, բայց ինչպես Լեւոն Զուրաբյանը շատ աներկիմաստ ձեւով ասաց վերջին հանրահավաքի ժամանակ, կդիմենք, եթե իշխանությունների արձագանքն ադեկվատ չլինի:
Երկրորդ` ոչ միայն բռնի իշխանափոխությունը միակ իրատեսական այլընտրանքը չէ նման իշխանությունների դեմ պայքարում, այլ, ինչպես պատմական փորձն է վկայում, նման փորձերը հաճախ չէ, որ հաջողվում են, իսկ հաջողվելու դեպքում էլ հաճախ չէ, որ ժողովրդավարական շարունակություն են ունենում: Այսինքն`հեղափոխական տարբերակը վտանգավոր ու անցանկալի է ոչ միայն այն պատճառով, որ այն արյունահեղության կհանգեցնի, ինչպես նաեւ կմեծացնի Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականութունը, այլ որովհետեւ մեր հայտարարած հիմնական նպատակի՝ սահմանադրական կարգի վերականգնման ու ժողովրդավարության հաստատման տեսանկյունից դա շատ անցանկալի մարտավարություն է:
Վերջապես` ես որեւէ կասկած չունեմ, որ այս իշխանությունները տասնապատիկ ավելի մեծ դժվարություն են ունենալու քաղաքացիական անհնազանդության ուղին բռնած ժողովրդի, քան հեղափոխության ելած ընդդիմության դեմ, ինչպես Հարավաֆրիկյան ապարտեիդն անզոր գտնվեց Աֆրիկյան ազգային կոնգրեսի քաղաքացիական պայքարի դեմ, կամ ինչպես Իսրայելն ստիպված եղավ Օսլոյի գործընթացի մեջ մտնել առաջին Ինթիֆադայի հետեւանքով, չնայած մինչ այդ կարողացել էր հաջողությամբ ու առանց լուրջ դժվարությունների ուժով պատասխանել Պաղեստինի Ազատագրության կազմակերպության զինված պայքարին: Օրինակների այս թվարկումը կարելի է շարունակել:





























