Օրաթերթը առաջիկա խորհրդարանական ընտրությունների շուրջ զրուցել է անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:
Բարեփոխված ընտրական օրենսգրքով անկախ պատգամավորներին պիտի առաջադրեն կուսակցությունները: Որեւէ քաղաքական ուժի հետ արդեն համաձայնություն կա՞:
Դեռ վաղ է այս մասին խոսել: Մեկ տարի հետո կհարցնեք ժողովրդի կարծիքը` բավարարո՞ւմ է արդյոք իր պատգամավորի աշխատանքը, կպաշտպանե՞ն նորից նրան, թե՞ ոչ: Երբ այս պատասխանները դրական կլինեն, այդ ժամանակ կսպասեմ այն թիմի որոշմանը, որի անդամն եմ:
ՀՀԿ-ի՞ :
Ես հանրապետական չեմ, ես նախագահի թիմից եմ: Նախագահի թիմը միայն կուսակցություններից չի բաղկացած: Հայաստանի ժողովրդի 80-90 տոկոսը կուսակցական չէ:
Ասել է` համաձա՞յն եք նախագահի բոլոր քայլերին:
Այո, միանշանակ:
Փաստորեն, «թիմն» ինչպես որոշեց, այնպես էլ կվարվեք, ու պատգամավոր դառնալու համար շատերի նման «հոգի» չեք տա:
Բացարձակ, եթե ընտրողները համարեն, որ ինձ մոտ չի ստացվել, ուրեմն ուրիշը պիտի լինի:
Ասում են` գործարարներն այլեւս չպիտի լինեն «մանդատավոր»: Դա լա՞վ է:
Եթե խորհրդարանը բաղկացած է 131 պատգամավորից, ապա 131-ի գործն էլ պիտի լինի խորհրդարանական աշխատանքը: Շատ գործարարներ գիտեմ, որ դրանից չեն նեղվում: Նոր զարգացող երկիր ենք ու անցնում ենք այն ճանապարհը, որը մյուս երկրներն իրենց երիտասարդ տարիներին անցել են: Վատ բան չեմ տեսնում նաեւ, որ խոշոր գործարարները խորհրդարանում չլինեն, բայց նրանք լոբբին իրականացնողները լինեն: Սա բնական գործընթաց է:





























