Ցանկալի կլիներ, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեր հայ-թուրքական արձանագրությունների տակից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 19-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ այսպիսով հայ-թուրքական գործընթացի շուրջ ստեղծված լարված իրավիճակը որոշակիորեն կթեթեւանա:
Ըստ Սաֆարյանի` հայ-թուրքական հարցի ուղղությամբ նկատելի են վտանգավոր զարգացումներ: «Հատկապես թուրքական իշխանությունը փորձում է բացահայտ վաճառքի հանել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը` միջազգային հանրությանը հղելով ուղերձ. «Եթե ուզում եք, որ սահմանը բացվի, որ արձանագրությունները վավերացվեն, ապա այդ դեպքում կարգավորեք Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բավարարեք Ադրբեջանի շահերը, եւ այդ դեպքում վավերացում տեղի կունենա»,-նկատեց պատգամավորը: Նրա խոսքով` Թուրքիան ուղերձ է հղում նաեւ Հայաստանին, հասկացնել տալով, որ «եթե ցանկանում ես բաց սահման ունենալ եւ վավերացված տեսնել արձանագրությունները, ազդիր Սփյուռքի դիրքորոշումների վրա եւ հրաժարվիր պահանջատիրությունից»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ ֆուտբոլային դիվանագիտությունը բացասաբար է ազդել Հայոց Ցեղասպանության
միջազգային ճանաչման վրա` սառեցնելով գործընթացը: Ուստի, նրա խոսքով, որեւէ հիմք եւ նախադրյալ չկա ակնկալելու, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում կարտասանի Ցեղասպանություն եզրը եւ Ցեղասպանության հարցի վերաբերյալ իր նախորդ դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում կհայտնի:
Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ եթե Հայաստանը ցանկանում է, որ ցեղասպանության հարցը մտնի այսօրվա քաղաքական օրակարգ, ապա պետք է հրաժարվի արձանագրություններից եւ Թուրքիայի հետ սկսի բանակցություններ վարել նոր էջից:





























