Երեւանի Կենտրոնի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողները Facebook-ում խումբ են ստեղծել «Թողեք քնենք» անվանումով եւ ստորագրահավաք են սկսել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման դեմ: Խոսքը վերաբերում է Երեւանի կենտրոնում խցանումներից խուսափելու համար մանկապարտեզների աշխատանքը մեկ ժամ շուտ` ժամը 8:30-ին սկսելու որոշմանը: Նախաձեռնող խումբը հույս ունի հասնել նրան, որ քաղաքապետարանը վերանայի իր որոշումը:
«Այս որոշումը ինձ ձեռնտու չէ, իմ աշխատանքային գրաֆիկը լողացող է եւ ես ժամը 8.30-ին երեխային չեմ կարող տանել մանկապարտեզ, իսկ այդ ժամից հետո մանկապարտեզի դռները փակվում են»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երկու մանկահասակ երեխաների մայր Հրաչուհի Բարսեղյանը, ով «Թողեք քննենք» խմբի ակտիվիստներից է:
Իր հերթին, Երեւանի քաղաքապետը Facebook-ի իր էջում արձագանքել է առաջ եկած խնդրին, նշելով. «Սկզբնական փուլում նոր ռեժիմին հարմարվելը մի քիչ դժվար է: Քաղաքակիրթ աշխարհում եւս նմանատիպ գրաֆիկներ են կիրառում խցանումներից խուսափելու եւ ծնողների առօրյա գրաֆիկը օպտիմալ կարգավորելու համար։ Նաեւ տեղեկություններ կան, որ տնօրենների մի մասի համար այս գրաֆիկը նույնպես հարմար չէ, եւ, նրանք չարաշահելով իրենց դիրքը, դրդում են ծնողներին չհարմարվել նոր գրաֆիկի հետ: Հասկանում եմ, որ շատերիս համար այս որոշումը անհարմարություններ կպատճառի սկզբնական շրջանում, սակայն ժամանակակից քաղաքը պետք է ունենա իր կանոնները»,- ասել է նա իր հայտարարության մեջ:
Այս հայտարարության առնչությամբ, Հրաչուհի Բարսեղյանն ասաց, որ քաղաքակիրթ երկրներում, մինչեւ երեխաներին առնչվող որեւէ որոշում կայացնելը, պատկան մարմինները անպայման խորհրդակցում են ծնողների հետ, նաեւ` հոգեբանների, իսկ մեզանում նման հետազոտություններ չեն արվել: Նրա ներկայացմամբ, քաղաքում խցանումներից խուսափելու համար պետք է տրանսպորտային համակարգը բարելավել, ոչ թե 2-6 տարեկան երեխաներին ստիպել մեկ ժամ քիչ քնել:
Ինչ վերաբերում է նրան, որ մանկապարտեզների տնօրեններն են դրդում ծնողներին չհարմարվել այս գրաֆիկին, Հ. Բարսեղյանն նշեց, որ մանկապարտեզի տնօրենը հանդարտության կոչերից բացի` ուրիշ բան չի արել:
Նշենք, որ «Թողեք քնենք» նախաձեռնող խումբը մտադիր է ստորգարահավաքի թուղթն ուղարկել մի շարք պատկան մարմինների:





























