Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամներն այսօր` ապրիլի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բարոնուհի Քերոլայն Քոքսը ջրել է այն եղեւնին, որը տնկել էր 2002-ին: «Իմ զգացմունքները միշտ ձեր ժողովրդի հետ են: Մենք հիշում ենք 1915 թ. սարսափելի ու ողբերգական իրադարձությունները: Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր Հայաստանում ինձ հետ են եւ Լորդերի պալատի, եւ Համայնքների պալատի ներկայացուցիչները, ովքեր ներառված են բրիտանահայկական համակուսակցական խմբում»,- Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո նշեց բարոնուհի Քոքսը:
Լորդ Լինդոն Հարիսոնը, ով առաջին անգամ էր Հայաստանում, նշել է, որ բազմաթիվ երկրներում է այցելել ժողովուրդների հիշատակին նվիրված հուշահամալիրներ, սակայն այն, ինչ տեսավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ Ցեղասպանության թանգարանում, ամենատպավորիչն էր:
«Մեր խորհրդարանական խումբը շատ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի իրազեկի մարդկանց, թե ի՞նչ է Հայոց Ցեղասպանությունը, ի՞նչ է տեղի ունեցել, քանզի շատ-շատերն իսկապես տեղյակ չեն դրանից: Փորձում ենք համոզել բրիտանական կառավարությանը, որպեսզի, եթե հնարավոր է, երբեւիցե ճանաչվի Հայոց Ցեղասպանությունը»,- հայտարարել է բարոնուհի Շիլա Ֆլեդերը եւ հույս հայտնել, որ մի օր դա տեղի կունենա:





























