Մեկ ամսից ավելի է, որ ՆԱՏՕ-ի ուժերի աջակցությամբ Լիբիայում ՆԱՏՕ-ն պատժիչ գործողություններ է իրականացնում ընդդեմ Մուամար Քադաֆիի ռեժիմի: Սակայն ՆԱՏՕ-ն մինչեւ այժմ ցամաքային գործողություններ չի սկսել, իսկ օդային հարվածները խիստ սահամափակ են դրանք չեն անցնում օրական մի քանի տասնյակը։ Որպես համեմատություն կարելի է հիշել կոալիցիոն ուժերի գործողություններն Իրաքում, որտեղ օրական մի քանի հազար հարվածներ էին իրականացվում: Ինչպես պարզվում է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող այս բավականին պասիվ ռազմագործողությունը հստակ պատասխանատու եւ հրամանատար չունի: Ամեն անգամվա նման դրոշակակիր ԱՄՆ-ը չի վերցնում հիմնական ծանրություն ու պատասխանատվությունը: Փաստացի հարվածների հիմնական պատասխանատուն, ինչպես նաեւ իրականացնողը Ֆրանսիան է, որին սահմանափակ քանակությամբ օգնում են ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ:

Ռազմական գործողություններից կատարված ամենաակնառու հետեւությունները այն են, որ ՆԱՏՕ-ն, փաստորեն, առանց «հիմնական ժանդարմ» ԱՄՆ-ի լուրջ ներգրավվածության, գրեթե ի վիճակի չէ մեծ ռազմական գործողություններ իրականացնել: 1991թ. հետո եվրոպական զինված ուժերում հսկայական կրճատումներ են իրականացվել, ինչի արդյունքում այդ երկրների բանակները դարձել են «արիստոկրատ ոստիկանական ջոկատներ», որոնք զինված են թանկարժեք, սակայն խիստ սահմանափակ քանակությամբ ու տեսակի զենքերով: Որպես օրինակ նշենք, որ Լիբիայի դեպքերի հետ կապված բրիտանական նավատորմի ռազմանավերի խիստ արդիական թեւավոր հռթիռների պաշարները մոտենում էին ավարտին։ Հատկանշական է, որ նշված մի քանի միլիոն դոլար արժողությամբ հրթիռները ԱՄՆ արտադրության են։ Այսինքն, եթե մարտական գործողությունները նույն ինտենսիվությունն ունենաին մի քանի շարունակ, ապա բրիտանացիները ստիպված մի քանի հարյուր միլիոն դոլլար արժողությամբ նոր հրթիռներ գնել ԱՄՆ-ից: Պետք է ընդգծել, որ երբեմնի եվրոպական հզոր ռազմարդյունաբերական համալիրը ներկայումս նման տիպի հրթիռներ չի արտադրում, եւ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների  օդային հարձակման միջոցներից շատերը եւս զինված են ամերիկյան հրթիռներով, կամ այլ հարվածային միջոցներով: Իսկ այն ինքնաթիռները, որոնք համեմատաբար զուտ եվրոպական նախագծեր են, առանց ամերիկյան օդային լիցքավորողների կամ օդային վերահսկողության ինքնաթիռների, նոր չափորոշիչներով պատերազմներ չեն կարող իրականացնել: 1990-1991թթ. եվրոպական պետությունները միասին վերցրած ունեին մի քանի տասնյակ հազար տանկ եւ զրահամեքենա: Ներկայումս դրանք մի քանի հազարը չեն անցնում: Նույն վիճակում է նաեւ հրետանու ասպարեզում:

Եվրոպական տերություններից միայն Ֆրանսիան է այսօր տիրապետում լիրաժեք ավիակիր նավի, թվով՝ մեկ միավոր: 21-րդ դարում երբեմնի «ծովերի տիրակալ» Մեծ Բրիտանիան զուրկ է լիարժեք  ավիակիր նավերից, որոնք կարող են կրել ժամանակակից բազմանպատակ կործանիչներ:

Հետախուզական հիմնական տեղեկությունները եւս ստացվում են ամերիկյան արբանյակներից ու այլ հետախուզական միջոցներից:

ՆԱՏՕ-ի Լիբիայում ռազմական պատժիչ գործողությունների չհամակարգված գործողությունների մասին հաճախ տեղեկություններ են հայտնում տարբեր լրատվամիջոցներ, եւ կոորդինացիայի բացակայությունն այն դեպքում է, երբ ՆԱՏՕ-ն Լիբիայում վարում է սահմանափակ ու ոչ դասական մարտական գործողություններ: Հարց է առաջանում, իսկ ի՞նչ կլինի. եթե ցամաքային մարտական գործողությունների սկսման որոշում կայացվի աֆրիկյան այս երկրում, եւ ԱՄՆ-ը չստանձնեն ղեկավարությունը։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արտաքին մեծ վտանգի բացակայության պարագայում եվրոպական երկրները կրճատեցին եւ նվազեցրին զինված ուժերի մարդկային թվաքանակը, եւ նվազեցրին ռազմատեխիկան, օպտիմիզացրին ռազմաարդյունաբերական համալիրները (մի մասը փակվեց), ինչի արդյունքում դրանք դարձան ձեւական, եւ խիստ կախվածություն ձեռքբերեցին ԱՄՆ-ից:

Նշվածի ճիշտ հակառակ գործընթաց է տեղի ունենում Արեւելքում։ Արեւելյան պետությունները օրեցօր զինվում են եւ իրենց պատրաստում դասական պատերազմների: Լիբիայում ընթացող մարտական գործողությունների անկազմակերպությունը պետք է որ «սառը ցնցուղ» լինեն եվրոպական ռազմավարների համար, ովքեր դեռ մտածում են բանակների կրճատման եւ սպառազինությունների սահմանափակման մասին: Չպետք է մոռանալ, որ ներկայումս ԱՄՆ-ն դանդաղորեն, սակայն այնուամենայնիվ զիջում է դիրքերը արեւելքում, որին հավանական է փոխարինի Չինաստանը։ Վերջինիս «ցատկի» համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաներ։

Եվրոպական շատ երկրների հզոր ռազմարդյունաբերական համալիրը ամերիկյան համալիրի ճնշման տակ կորուստներ է արձանագրում: Ներկայումս եվրոպացիները գնորդների եւ շուկաների որոնման գործում անգամ կամենում է համագործակցել Չինաստանի հետ, որին, ինչպես նշեցինք այդ տեխնոլոգիաները շատ են հարկավոր:

Դրանց յուրացումից հետո չինական համալիրը կարող է որակական այլ մակարդակ ստանալ եւ լուրջ ձեռնոց նետել բոլորին: Աշխարհը փոխվում է, իսկ երբեմնի հզոր ՆԱՏՕ-ն, որը օր օրի նոր անդամներ է ընդգրկում, կարծես թե թուլանում է: Նորից ասպարեզ են գալիս կոնկրետ տերությունները իրենց ռազմական ներուժով: Այսօր ռազմական հզորությամբ աչքի ընկնող երկրներից ոչ մեկը (ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, Ճապոնիա, Հարավային Կորեա, Իսրայել, Թուրքիա եւ այլն) չի ցանկանում դաշնակցել մյուս նմանի հետ ու չկա հաստատուն ընդգծված ռազմական համագործակցություն այս ոլորտում: Աշխարհի ռազմականացման ծանրության կենտրոնը արեւմուտքից դեպի արեւելք տեղափոխումը բնականաբար համապատասխան հետեւությունների է հանգեցնում եւ միանգամայն բնական է, որ պետք է հետաքրքրի նախ այս տարածաշրջանի երկրներին:

Արծրուն Հովհաննիսյան