«Տաշիր-2011» մրցանակաբաշխության շուրջ առաջացած բողոքը դրամատիկական թատրոնի դերասան, Արցախյան պատերազմի մասնակից Գուրգեն Անտոնյանը միանշանակ արդարացի է համարում:

«Սիրտս ցավացրեց մի բան` այդ Բաբելոնը, որ տեսա բեմի վրա, այդ անսահման ոսկին, որը ոչ մի լավ բանի չի բերում: Ես` որպես Արցախյան ազատամարտի հաղթող զինվորներից մեկը, նույնիսկ անհարմար եմ զգում, խորին ցավ եմ զգում այդ կեղծ նվիրատվություններից: Այնտեղ ոչ ոք բնակարանի կարիք չուներ, բնակարանի կարիք ուներ մեր թատերական ասպարեզի խմբապետներից մեկը` արտաշատցի Հովոն, որն անհայտ կորավ, կուզեի` նրա երեխաների եւ սերունդների համար մեկ բնակարան Երեւանում տային: Իսկ լոսանջելեսներում, մոսկվաներում կամ վաշինգթոններում ունեցածների քանակն ավելացնել եւս մեկ հատ` Երեւանում, ես այդ ընթացքից սարսափում եմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասան Գուրգեն Անտոնյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը հայաստանյան շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների բնակարաններ եւ մեքենաներ նվիրեց։ Երեւանի կենտրոնում բնակարանատեր դարձան Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն, Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Լուսինան, իսկ «ներկայացուցչական ավտոմեքենայի» տեր դարձան Էմմին ու Ռազմիկ Ամյանը: