Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանն այսօր` ապրիլի 20-ին  դասախոսություն է կարդացել Երեւանի պետական համալսարանի եւ Դրեզդենի համալսարանի ուսանողների համար: Նրանք Երեւանում մասնակցել են «Մարդու իրավունքների պաշտպանությունը հակամարտությունների կարգավորման ընթացքում» սեմինարին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասախոսության ժամանակ նա անդրադարձել է ներկայումս Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին եւ  հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, որից հետո պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Մասնավորապես, դասախոսության ընթացքում ներկայացվել են ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթացը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը հակամարտությունների կարգավորման ընթացքում» սեմինարը Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի եւ Դրեզդենի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողմից հայ եւ գերմանացի ուսանողների համար կազմակերպված գիտական սեմինար է, որի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտությանն առնչվող քաղաքական եւ իրավական հիմնախնդիրների շուրջ քննարկումների եւ դասախոսությունների անցկացումն է: