Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բիսմիլի շրջանում քուրդ բնակչությունը բողոքի ակցիա է իրականացրել Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի որոշման դեմ, որի ընթացքում  անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բիսմիլի շրջանում անվտանգության ուժերի արձակած կրակոցների հետեւանքով մահացել է 1 եւ վիրավորվել 3 ցուցարար։

Այս տեղեկությունը լսելուն պես քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախկին առաջնորդ (հրաժարական է տվել՝ ընտրություններին մասնակցելու համար) Սելահաթին Դեմիթաշը հրաժարվել հանդիպել Գյուլի հետ՝ նշելով, որ ինքը մեկնում է դեպքի վայր։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փորձել էր հաղթահարել Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի առաջացրած ճգնաժամը՝ հանդիպման հրավիրելով Սելահաթին Դեմիրթաշին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարձրագույն խորհուրդը վետո է դրել մի շարք քուրդ գործիչների մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչներն այս որոշման մեջ մեղադրել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը եւ հայտնել, որ քննարկում են ընտրությունները բոյկոտելու տարբերակը։

Այս որոշումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ բնակչության մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։

ԵՄ-ն եւս իր անհանգստությունն է հայտնել այս որոշման կապակցությամբ: