Հայաստանի նախագահի երեկվա խորհրդակցությունը դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ «նրբին արձագանք էր» Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի բարձրաձայնած խնդրին: Այսօր `ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանն` անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի այն հայտարարությանը, թե Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից ֆինանսավորում ստանալ այլևս չի կարող, քանի որ կառավարման և մի քանի այլ ցուցանիշներով չի համապատասխանում սահմանված չափանիշներին:

«Այդ ֆինանսավորման դիմաց Հայաստանից ընդամենը պահանջվում է արդար կառավարում, որը պետք է Հայաստանի խնդիրը լիներ: Դա նշանակում էր, որ Հայաստանը պետք է արդար ընտրություններ իրականացնի, իրապես պայքարի կաշառակերության դեմ, ապահովի օրենքի և իրավունքի գերակայությունը, ազատի քաղբանտարկյալներին, խոսքի և հանրահավաքների ազատություն ունենա: Սրանք տարրական բաներ են, որոնք պետք է կատարվեն ոչ ինչ-որ ծրագրի, այլ Հայաստանի շահերից ելնելով»,- ասաց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ այժմ հայերը կորցրել են իրենց լուրջ առավելությունն Ադրբեջանի նկատմամբ, քանի որ եթե նախկինում ԱՄՆ Պետդեպի Արցախը՝ համարում էր կիսաազատ, իսկ Ադրբեջանը բռնատիրական երկիր եւ անհրաժեշտություն էր տեսնում պաշտպանելու կիսաազատ Ղարաբաղին, ապա հիմա, Հայրիկյանի խոսքով, Պետդեպը անազատ է համարում նաև Ղարաբաղը:

«Դեսպանի հայտարարությունը զգուշացում էր մեզ համար և կանաչ լույս` Ադրբեջանի համար: Եւ այս ամենը մեր ծախու ղեկավարների պատճառով»,- նշեց Պարույր Հայրիկյանը: