Հայաստանի առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն քաղաքական ուժերի համագործակցության պարագայում։ Ապրիլի 21-ին տեղի ունեցած «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով, ԲՀԿ-ը շատ է կարեւորում քաղաքական ուժերի երկխոսության եւ համագործակցության դրույթը, ինչն էլ ամրագրված է կուսակցության նախընտրական ծրագրում։ «Մեր նախընտրական ծրագրում ամրագրված է նաեւ, որ ԲՀԿ-ն քաղաքացիական համաձայնության կուսակցություն է։ Ի սկզբանե, մեր կուսակցության մոտեցումը մեկն է՝ չկա եւ չի կարող լինել որեւէ խնդիր, որը չկարողանան քննարկել եւ լուծել նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր գործունեության ողջ ընթացքում ասել է, որ քաղաքական դաշտի բոլոր ուժերը, մի կողմ թողնելով տարաձայնությունները, պետք է գնան երկխոսության։ Իհարկե, վերջին ժամանակներս քաղաքական տարբեր բեւեռների միջեւ սուր անկյունների եւ տրամադրությունների մեղմացում է նկատվում, ինչը ԲՀԿ-ն միայն ողջունում է»,- ասաց Զոհրաբյանը՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ կուսակցության կարեւորագույն դրույթներից մեկը Հայաստանում քաղաքական երկխոսության, քաղաքացիական հանդուրժողականության մշակույթի ձեւավորումն է։ «Եթե մեզ հաջողվի քաղաքական տարբեր ուժերի հետ իսկական, ոչ թե իմիտացիան բնույթ կրող երկխոսություն ծավալել, դա միայն ողջունելի կլինի»,- ամփոփեց պատգամավորը։





























