Անցյալ օրը Մոսկվայում նոր կորոնավիրուսով վարակման երեք դեպք է հայտնաբերվել, տեղեկացնում է РБК-ն՝ հղում կատարելով օպերատիվ շտաբի տվյալներին։ Դրանք ռուսաստանցիներ են, որոնք անցյալ երկու շաբաթներին այցելել են Իտալիա։ Անալիզների արդյունքները դրական են եղել։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այժմ այդ մարդիկ գտնվում են ինֆեկցիոն բոքսերում։ Իշխանությունները պարզել են, թե ում հետ են նրանք շփվել Ռուսաստանի տարածքում։

Այսպիսով, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 20 դեպք։ Մարտի 8-ին կորոնավիրուս են հայտնաբերել Մոսկովյան, Բելգորոդյան եւ Կալինինգրադյան մարզերի 1-ական բնակիչների մոտ, որոնք Իտալիա են այցելել վերջին շաբաթներին։