Փոքր եւ միջին բիզնեսի գերակշիռ մասը զբաղված է առեւտրի եւ ծառայությունների ոլորտում: Այս մասին այսօր՝ մարտի10-ին, հայտարարեց «Ամերիաբանկի» զարգացման հարցերով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով «Փոքր եւ միջին բիզնեսի ներկայիս վիճակը եւ զարգացման հեռանկարները» հետազոտությունը:

Նրա խոսքով՝ նման պատկերը Հայաստանը զգալիորեն տարբերում է ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից, որոնց հետ իրավիճակը համեմատվել է այս հետազոտությունն անցկացնելիս: «Երբ մենք խոսում ենք ՓՄՁ ոլորտում քաղաքականության կամ փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ռազմավարության մասին, պետք է հաշվի առնենք, որ խոսքը առավելապես ոչ մեծ  վաճառքի կետերի եւ գեղեցկության սրահների մասին է, այլ ոչ թե փոքր ձեռնարկության»,- նշեց Ջրբաշյանը:

Հետազոտության  համաձայն՝ ՓՄՁ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 3,5 տրլն դրամ, եւ հիմնականում կենտրոնացած է Երեւանում: «Սա կապված է ոչ միայն այն փաստի հետ, որ երեւանյան ըմիկերություններն ավելի խոշոր են, այլ նաեւ այն փաստի հետ, որ դրանք հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաքում»,- հայտարարեց Ջրբաշյանը: 2013 թվականին վերջին հետազոտության անցկացման պահից սկսած փոքր եւ միջին բիզնեսի համախառն արտադրանքը գործնականում նույն մակարդակին է մնացել՝ 40-45 տոկոսի ծավալում: Արտադրողականության առավելագույն մակարդակը նույնպես առեւտրում է դիտվում, նշեց Ջրբաշյանը: «Մեր գնահատականներով, սակայն, այստեղ զգալի դեր է խաղացել ոչ պաշտոնական, ստվերային աշխատակիցների առկայությունը»,- հայտարարեց նա:

Նա նաեւ մեկ այլ հետազոտության տվյալներ մեջբերեց, որի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է 4 երկրների թվում, որտեղ գործարարները «աշխարհը փոխելու նպատակ չեն դնում», այլ ղեկավարվում են բացառապես ֆինանսական շահույթի ապահովման նպատակով: «Բիզնես սկսելու մի քանի դրդապատճառ կա՝ փոխել աշխարհը, փոխել շրջապատը, փոխել ընտանիքի կարողությունը, ապահովել շահույթը: Ըստ հետազոտության՝ մեզնից քիչ աշխարհը ձգտում են փոխել միայն Իտալիայում, Կորեայում եւ Մադագասկարում, մենք չորրորդն ենք: Իրականում «փող աշխատելու» նպատակն ամենաթույլ մոտիվացիան է: Հաջողակ են այն երկրներն ու հասարակությունները, որոնց նպատակն աշխարհը փոխելն է»,- հայտարարեց նա:

Քննարկումներին ներկա ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը նման իրավիճակից զարմացած չէ: Պատգամավորը նշեց, որ Հայաստանում ձեռնարկությունների մեծ մասն աշխատում է առեւտրի ոլորտում, եւ ըստ էության լուծում է գոյատեւման հարցը: Նման պայմաններում անտրամաբանական կլիներ աշխարհը փոխելու նպատակ դնել: Նա հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները երկար տարիներ չեն կարողացել սեփական երկրում փոփոխությունների հասնել, էլ ուր մնաց խոսենք ամբողջ աշխարհի մասին: Թունյանը վստահ է, որ ժամանակի ընթացքում Հայաստանում մոտեցումները կփոխվեն:

Իսկ ահա Ջրբաշյանը հակված չէ հետազոտության նման արդյունքները կապել երկրում սոցիալական խնդիրների հետ: Նա հավաքվածների ուշադրությունը հրավիրեց նրան, որ Հայաստանի հետ մեկտեղ ցուցակում է նաեւ Իտալիան, որտեղ նման տեսակի խնդիրներ չկան: Ջրբաշյանը վստահ է, որ խնդիրը մոտեցումներն ու աշխարհայացքն է: