Վերջին շրջանում որդեգրած արտաքուստ հայանպաստ իր քաղաքականությամբ (Հայոց ցեղասպանության առնչությամբ հայերից ներողություն խնդրելու ակցիաներ, «Սա մեր ընդհանուր ցավն է» եւ նմանատիպ այլ կարգախոսներ) Թուրքիան նպատակ ունի լավացնել իր միջազգային հեղինակությունը, ցույց տալ, որ ձգտում է ճանաչել պատմական իրողությունը։ Ապրիլի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ, ԵՊՀ Արեւելագիտության ամբիոնի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Թուրքիայում վերջին ժամանակներս տեղի են ունենում գործընթացներ, որոնք առաջին հայացքից թեպետ հայանպաստ են թվում, դրանց անկեղծությունը, սակայն, մեծ հարցականի տակ է։ Վստահորեն, Թուրքիայի նմանօրինակ վարքն իմիտացիոն բնույթ է կրում, եւ ներողության ակցիաներից ու որոշ կարգախոսներից բացի, այլ շոշափելի արդյունքներ չարժե ակնկալել»,- ընդգծեց թուրքագետը։

Նրա խոսքով, ապրիլի 24-ին ընդառաջ թուրքական քարոզչամեքենան գործի է դնում Հայոց ցեղասպանության ժխտման արդեն փորձված, սակայ մի փոքր հնացած մեթոդներ։ «Թուրքիան տարբեր երկրներ պատվիրակություններ է ուղարկում, Ցեղասպանության ժխտողականությանը նվիրված «գիտական» կոնֆերանսներ է կազմակերպում, սակայն այս ամենին զուգահեռ՝ իր ժխտողական քաղաքականության մեջ ներառում է նոր, մինչ այս հայերին քիչ ծանոթ որոգայթներ, որոնք բավական վտանգավոր են»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը։

Նրա համոզմամբ, հին են նաեւ Ցեղասպանության ճանաչման գործընթացի առաջմղման հայկական կողմի մեթոդները։ «Վերջին տարիներին ճանաչման գործընթացը գրեթե դադարել է։ Ճիշտ է, հայկական լոբբին անում է առավելագույն ամեն բան, սակայն նրա պայքարի միջոցները հնացել են»,- ընդգծեց Մելքոնյանը։

NEWS.am-ի հարցին՝ ի՞նչ նոր պայքարի մեթոդներ պետք է որդեգրի հայկական լոբբին, նա կոնկրետ պատասխան չտվեց, սակայն ասաց, որ բոլոր առումներով ավելի օգտակար կլինի հրեական փորձը յուրացնելը՝ մանավանդ Սփյուռքում պահանջատիրության խնդիրներով զբաղվող կառույցներ հիմնելու մասով։    

Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Առաջինը 1965թ. դա արել է Ուրուգվայը: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են 21 երկրներ եւ ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրոպական խորհրդարանն ու եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: