«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է հղել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` պարզելու, թե որտեղից են գոյացել Գայ գյուղի բնակիչների էլեկտրաէներգիայի հսկայական պարտքերը: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անահիտ Բաշխյանը:
Նշենք, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչները նախազգուշացման թերթիկներ են ստացել, որում նշված է, որ էլեկտրաէներգիայի պարտքեր ունեն եւ եթե չվճարեն, կվերցնեն իրենց գույքը: Ամբողջ Գայ գյուղի վրա գրվել է 45 մլն դրամի էլեկտրաէներգիայի պարտք: «Ժառանգություն» պատգամավորն ասաց, որ գյուղացիները ունեն կտրոններ, որոնք վկայում են, որ իրենք ժամանակին վճարել են սպառած էլէներգիայի համար:
«Ակնհայտ է, որ էլէներգիայի դիմաց փողը վերցրել են եւ իրենց գրպանն են դրել, հսկայական շահույթներ են ստացել` ժողովրդի փողերը չվճարելով»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:
Երեկ Գայ գյուղի բնակիչները էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մոտ բողոքի ցույց են արել եւ նախարարությունից նրանց խոստացել են, որ կստեղծվի հանձնաժողով, որն այսօր կգնա գյուղ եւ տեղում կուսումնասիրի խնդիրը:
Մեր հարցին, թե արդյոք պատգամավորը պատրաստվո՞ւմ է այս խնդիրը բարձրացնել նաեւ ԱԺ-ում, Ա. Բաշխյանն պատասխանեց, որ մինչեւ քառօրյան կստանան նամակի պատասխանը եւ անպայման կբարձրացնի:




























