Կիբեռբուլինգի զոհ հիմնականում դառնում են այն դեռահասները, որոնք ծնողների հետ վստահելի հարաբերություններ չունեն։ Այս մասին հայտարարեց հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ անձի հոգեբանության եւ մասնագիտական գործունեության գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Դիանա Սարգսյանը՝ ներկայացնելով «անձի անվտանգության հոգեբանություն» հասկացության հետազոտության արդյունքները։
Նրա խոսքերով՝ հետազոտության շրջանակներում առանձին հոդվածով ուսումնասիրվել է դեռահասների շրջանում կիբեռբուլինգի հարցը։ «Մենք դիտարկեցինք այն հարցը, թե ինչ բացասական հետեւանքների է բերում սոցցանցերում իր երեխայի գործունեության մասին ծնողների չիմացությունը»,- ասաց նա։
Սարգսյանը նշեց, թե խնդիրն այն է, որ շատ ծնողներ չեն պատկերացնում, թե ինչպես կարող են վերահսկել իրենց երեխայի գործողությունները սոցցանցերում, նրա չափազանց տարվածությունը համակարգչային խաղերով եւ գովազդի հեղեղը, որը թափվում է երեխայի վրա ինտերնետում։
«Այնուամենայնիվ, դեռահասների շրջանում կիբեռբուլինգի եւ նույնիսկ կիբեռթրաֆիքինգի խնդիրներն ուսումնասիրելիս վեր են հանվում ընտանիքի խնդիրները։ Հոգեբանության տեսակետից խնդիրն այստեղ ոչ այնքան նորագույն տեխնոլոգիաներն են, որքան ծնողների եւ երեխաների միջեւ վստահության անբավարարությունը։ Շատ հաճախ, երբ դեռահասները դառնում են կիբեռբուլինգի կամ կիբեռթրաֆիքինգի զոհ, ծնողները երկար ժամանակ այդ մասին չեն իմանում։ Միայն այն ժամանակ, երբ ոստիկանությունը միջամտում է կամ գործը հասնում է ինքնասպանության, ծնողն իմանում է, որ վերջին կես տարում երեխան ենթարկվել է հոգեբանական գրոհի, այդ թվում՝ սեռական բնույթի»,- նշեց հոգեբանը։
Շատ հաճախ դեռահասները սոցցանցերում ներգրավվում են աղանդավորների կամ որեւէ ենթամշակույթի խմբերում, երբեմն նրանց ստիպում են հանցանք գործել, հիմնականում՝ գողություն անել։ «Շատ հաճախ դեռահասները շանտաժիստների զոհ են դառնում։ Օրինակ, չարամիտները անում են անհարմար լուսանկարներ, կամ համոզում են դեռահասին մերկ լուսանկարվել, կամ պարզապես սարքում են «մերկ» լուսանկար, իսկ այնուհետեւ փող պահանջում, որ չհրապարակեն այն»,- հայտարարեց Սարգսյանը։ Հայտնվելով նման իրավիճակում՝ դեռահասն ամեն ինչ թաքցնում է ծնողներից, չի դիմում ոստիկանություն, ինչը, որպես կանոն, հանգեցնում է ցավալի հետեւանքների։
«Երեխաները վախենում են խոստովանել ծնողներին, չգիտեն ինչպես իրենց պաշտպանեն, տեղեկացված չեն ինչպես իրենց պահել նման իրավիճակներում։ Այս ամենը մեծ խնդիր է, եւ ես կարծում եմ, որ դա մենթալիտետի հարց է»,- ասաց Սարգսյանը։




























