Հայաստան են ժամանել «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆոնդ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, որոնց այցի նպատակն է մարդասիրական ականազերծման ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
Այսօր` ապրիլի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է այդ կազմակերպության միջազգային համագործակցության գծով խորհրդական Իստոկ Հոչեւարին, տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ականապատված տարածքների ականազերծման ռազմավարության եւ ականազերծման գործողությունների ազգային ընթացակարգերի մշակմանն առնչվող հարցեր: Պարոն Հոչեւարը տեղեկացրել է, որ «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆոնդը» պատրաստ է սերտ համագործակցություն սկսել եւ տեխնիկական ու մասնագիտական օժանդակություն տրամադրել նորաստեղծ «Մարդասիրական եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:





























