Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ Անելի Էնոքսոնը եւ Ֆրեդրիկ Մալմը պարգեւատրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ-ում հանդիսավոր պայմաններում պարգեւները նրանց է հանձնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա իր խոսքում նշել է. «Ավելի քան մեկ տարի առաջ` 2010 թվականի մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանը ձեր մասնակցությամբ ու ջանքերով իր ներդրումը կատարելով պատմական ճշմարտության վերականգնմանն ուղղված եւ օրեցօր ավելի ծավալվող միջազգային գործընթացում` ընդունեց որոշում, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչեց որպես ցեղասպանություն:

Ես տեղյակ եմ, թե ինչ լարվածության եւ դիմակայության պայմաններում է ընդունվել այդ որոշումը: Եւ այս պարագայում առավել ծանրակշիռ է դառնում անձամբ ձեր եւ որոշումն ընդունելուն նպաստած ձեր գործընկերների ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ ընդհանրապես ցեղասպանություն երեւույթը որպես հրեշավոր հանցագործություն կանխելու մեջ»:

Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Անելի Էնոքսոնն իր շնորհակալական խոսքում նշել է. «Երբ 2011 թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում քվեարկեցինք ցեղասպանությունը ճանաչելու օգտին, մենք դա արեցինք, քանի որ դա բխում էր մեր հոգու խորքից»: Շվեդ պատգամավորի խոսքերով` որեւէ ազգ, որեւէ պետություն չի կարող հանգիստ մնալ, որ անցյալում տեղի ունեցածը մոռացության մատնվի: «Թուրքիան պետք է ներողություն խնդրի ձեր ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության համար»,- հայտարարեց Անելի Էնոքսոնը` հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք. «Աստված թող օրհնի ձեզ»: