Դատարանները կոչված են պաշտպանել մարդկանց իրավունքները պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից եւ այլ մարդկանցից, մինչդեռ հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից: Այդ մասին ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի անդրադարձում:
Ըստ պաշտպանի` 2010 թվականին արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրանքով Պաշտպանին հասցեագրված դիմումները կազմել են բողոքների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը: «Օրենքով իմ լիազորությունն է մարդկանց պաշտպանել բոլոր պետական մարմիններից, բացառությամբ դատարաններից: Առանձին դատավորների անարդարության, դատական իշխանության բարձրագույն ղեկավարության ակնհայտ թերացումների եւ դատական համակարգի անկատարության պայմաններում մարդիկ կորցնում են արդարության զգացումն ու, որպես դրա հետեւանք, ծայրահեղ հիասթափվում պետական բոլոր ինստիտուտներից»,- նշել է Անդրեասյանն ու հավելել. «Միջազգային կազմակերպությունների եւ տաբեր փորձագետների գործուն ջանքերով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրվեց այն մոտեցումը, որ դատական համակարգը բացարձակ անկախ լինի բոլորից եւ ամեն ինչից: Այնինչ դատական անկախություն նշանակում է արդարամիտ եւ բարեխիղճ դատավորի ազատություն ամեն տեսակ ճնշումներից, այլ ոչ թե դատական համակարգի անպատասխանատու մեկուսացում եւ սեփական արատների մեջ բյուրեղացում»:
Ըստ Պաշտպանի, այսօր, ըստ օրենքի, դատավորի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է կամ վերադաս դատարանը կամ մեծամասամբ դատավորներից կազմված Արդարադատության խորհուրդը: «Այսօր, իմ խորին համոզմամբ, դատավորն անկախ չէ որպես անհատ, քանի որ կարող է ճնշման ենթարկվել դատական իշխանության բարձրագույն ղեկավարության կողմից: Այսօր այդ ղեկավարությունը հաշվետու եւ պատասխանատու չէ հանրության առաջ, քանի որ չկան իրավական մեխանիզմներ դատական համակարգի իրավաչափ վերահսկողության համար:
Ներպետական դատական համակարգում եղած անարդարության զսպման հնարավոր իրական եւ իրավական միակ մեխանիզմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, ինչի մասին վկայում է այս ատյանին ուղղվող դիմումների քանակի էական աճը»,- նկատել է ՀՀ օմբուդսմենը:
Կարեն Անդրեասյանը նշել է, թե իր լիազորությունները դատական համակարգում չափազանց սահմանափակ են: «Ես չեմ կարող միջամտել ոչ մի խնդրի, որը ենթակա է դատարանի կողմից քննության: Ես չեմ կարող նույնիսկ գնահատական տալ որեւէ գործի, երբ այն գտնվում է դատարանի վարույթում: Արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համար 2011 թվականի հունվարից օրենքով ինձ տրվել է միայն մեկ լիազորություն, այն է` երբ գործը դատարանում վերջնական ավարտվել է, եւ այլեւս հնարավոր չէ որեւէ կերպ ազդել մարդու տվյալ իրավունքի պաշտպանության վրա, Պաշտպանը կարող է Արդարադատության խորհրդին հաղորդել դատավորի կողմից թույլ տրված ապօրինության մասին, ինչի հետեւանքով դատավորին կարող են ենթարկել պատասխանատվության, ընդհուպ մինչեւ՝ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- արձանագրել է ՄԻ Պաշտպանը:





























