Հայաստանի, Չինաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը կտրուկ կնվազի կորոնավիրուսի պատճառով: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ Չինաստանի եւ Իրանի առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 9% (մոտ 585 մլն դոլար-խմբ.), 85%-ը կազմում է Հայաստան ներմուծումը:

Փորձագետը նշեց, որ այդ երկրների հետ գործող համաձայնագրերը կարող են դադարեցվել, եւ նոր համաձայնագրեր չեն ստորագրվի: Այդ ամենը, Մակարյանի կարծիքով, լուրջ վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը:

Տնտեսագետը նշեց, որ Հայաստանը շատ ապրանքներ ներմուծում է հենց Չինաստանից եւ Իրանից:

«Հիմնական դա տեխնիկա է, սննդամթերքներ, էլեկտրոնիկա, քիմիական արդյունաբերության արտադրանք, ավտոպահեստամասեր, հեռախոսներ եւ այլն»,- պարզաբանեց նա:

Փորձագետը վստահություն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով կարող էին պարզել, թե Իրանում եւ Չինաստանում որ շրջաններն ու գոտիներն են վարակվել կորոնավիրուսով եւ արգելել այդ շրջաններից ապրանքների ներմուծումը:

Բացի այդ, նրա կարծիքով, պետությունը կարող է սուբսիդացնել մասնավոր բիզնեսը, հատկապես միջին եւ փոքր բիզնեսը, որոնք կարող են շուկայում փոխարինել չինականին եւ իրանականին:

«Արտասահմանում Հայաստանի դեսպանատները հանրապետության արտաքին գործերի եւ էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ կարող են հանդիպումներ կազմակերպել գործարարների հետ՝ Չինաստանին եւ Իրանին փոխարինող երկրներ գտնելու նպատակով: Նման այլընտրանք կարող է դառնալ, օրինակ, Ռուսաստանը»,- ասաց Մակարյանը: