Կորոնավիրուսն անչափ ուժգին կհարվածի Հայաստանում տուրիզմի ոլորտին: Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ, տնտեսագետ  Գագիկ Մակարյանը:

Նրա կարծիքով՝ այս ոլորտում կգրանցվի բավականին լուրջ անկում:

«Հայաստանում արդեն հիմա լրջորեն կրճատվել է Իրանից զբոսաշրջիկների եւ ուսանողների թիվը, եւ այս միտումը շարունակվելու է»,- շեշտեց տնտեսագետը:

Մակարյանը նշեց, որ արդեն սկսել են չեղարկել այլ երկրներ չվերթները, եւ միջոցները, որոնք պետք է Հայաստանը ստանար տուրիստական ոլորտի հաշվին, փաստացի չեն ստացվի:

Փորձագետի կարծիքով՝ արդյունքում մեծապես կտուժի տուրստական ոլորտում ներգրավված փոքր եւ միջին բիզնեսը:

«Կորոնավիրուսի անկումը կանխատեսում են աշնանը: Այսինքն՝ ստացվում է, որ մեզ համար այս տարին կորած է»,- պարզաբանեց գործատուների միության նախագահը:

Մակարյանն, այդուհանդերձ, վստահ է, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի են իրականացնելու ճկուն քաղաքականություն՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին եւ հետագա տարածման կանխմանը, ինչը կարող է թույլ տալ մեծացնել տուրիստական ոլորտի հնարավորությունները:

Փորձագետը կարծում է, որ սա թույլ կտա ոչ միայն զբոսաշրջիկների գրավել, հատկապես Ռուսաստանից, այլեւ Հայաստանի քաղաքացիներին թույլ կտա իրենց միջոցները ծախսել հայրենիքում՝ արտասահման չմեկնելով: