Եթե մարդն այդ բանկից վարկ է վերցրել եւ գնացել է, որ վարկը փակի, բայց բանկը փակ է եղել, այդտեղ քաղաքացուն ոչ մի վերապահում չի կարող լինել։ Այս մասին այսօր՝ մարտի 16–ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն բանկերի աշխատելաոճին, որոնք հայտարարում են, որ քաղաքացիները մոտենան մասնաճյուղեր եւ վճարումներն այնտեղ իրականացնեն։ Մասնավորապես, Էջմիածնում փակում են մասնաճյուղը, փոխարենն առաջարկում այլ մասնաճյուղերում վճարել։
«Այսօր տեսա Կենտրոնական բանկի հայտարարությունը, որ մասնաճյուղեր փակելու վերաբերյալ որեւէ որոշում չի եղել։ Դրանք սպոնտան խուճապային որոշումներ են, որն առաջիկա օրերին կկարգավորվի։ Համենայնդեպս հաճախորդի համար որեւէ նեգատիվ հետեւանք չի բերի։ Համենայնդեպս, եթե կլինեն այդպիսի փորձեր, սա այն դեպքն է, որ մենք միջամտելու հնարավորություն կունենանք»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։





























