Ֆինանսական կառույցներին կոչ է արվում վարկերի մարումների մասով տալ անհատական լուծումներ։ Այս մասին հայտնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ։

«Բանկերի և վարկային կազմակերպությունների վերաբերյալ

Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի այսօրվա փակ քննարկման ժամանակ կենտրոնական բանկի, բանկերի, վարկային կազմակերպությունների միությունների ներկայացուցիչների հետ քննարկվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով վարկառուների վարկերի մարումների հնարավոր խնդիրների լուծման ուղիները և գործողությունները։

Մասնավորապես, կենտրոնական բանկը, բանկերի միությունը և վարկային կազմակերպությունների միությունը հանդես եկան հայտարարությամբ, համաձայն որի ֆինանսական կառույցներին կոչ է արվում հատկապես խոցելի ոլորտների վարկառուների վարկերի մարումների մասով տալ անհատական լուծումներ՝ ժամկետի երկարաձգում, գրաֆիկի փոփոխություն, մարման հետաձգում։

Հղումը՝ մեկնաբանության մեջ։

Արդեն բազմաթիվ բանկեր և վարկային կազմակերպություններ հանդես են եկել համապատասխան նախաձեռնությամբ։ Հնարավոր խնդիրների դեպքում, վարկառուները կարող են դիմել նաև կենտրոնական բանկ։

Միևնույն ժամանակ, կարևոր է փաստել, որ Հայաստանի ֆինանսական կայունությանը որևէ վտանգ չի սպառնում, բանկերն ունեն բավարար իրացվելիություն սպասարկելու հաճախորդներին։

Ֆինանսական համակարգում տեղի ունեցող իրադարձությունները իմ ուշադրության կենտրոնում են ամեն պահ և նոր քայլերի անհրաժեշտության դեպքում կիրականացվեն համապատասխան նախաձեռնություններ։

Հարգելի քաղաքացիներ և տնտեսվարողներ ,

վերոնշյալ կարգավորումների հետ կապված խնդիրներ արձանագրելու պարագայում կարող եք կապ հաստատել ԿԲ՝ թեժ գծի միջոցով (011 561954, 011 563950, 010 592697), բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների հետ»,- գրել է նա։