Կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով մարտի 19-29-ը Բաքու մուտքը փակվելու է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին:
Հայտնի է, որ երկրում գրանցվել է վարակման 28 դեպք, նրանց թվում մեկը ռուսաստանցի է: Վեց մարդ արդեն առողջացել է, մեկը՝ մահացել:
«Մարտի 19-ին 00.00-ից մինչեւ մարտի 29-ը դադարեցվում է հանրապետության քաղաքներում եւ շրջաններում գրանցված տրանսպորտային միջոցների եւ դրանց ուղեւորների մուտքը Բաքու, Սումգայիթ եւ Ապշերոնի շրջան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բացառություններ են գործում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների, շտապ բժշկական օգնության, վթարա-վերականգնողական, փրկարարական տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ բեռնատարների համար:
Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն էր, որին տրվել է COVID-19 պաշտոնական անվանումը:





























