Ամեն տարի ապրիլի 24-ին ականատես ենք լինում, թե ինչպես են հայ ծնողներն  իրենց մանկահասակ` 4-5 տարեկան երեխաներին ուսներին դրած կամ ձեռքից բռնած գնում Ծիծեռնակաբերդ: Այցելության ձեւը շատ հաճախ հիշեցնում է ոչ թե Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու տուրք, այլ` էքսկուրսիա: Այս տարի NEWS.am-ի թղթակիցը ականատես է եղել հետեւյալ տեսարանին. երեխան հարցնում է, թե իրեն ուր է բերել հայրը: Նա էլ, Էքսկուրսավարի առոգանությամբ  պատասխանում է, թե` «բալես, թուրքերը 15 թվին միլիոն ու կես հայ են կոտորել» եւ իրենք եկել են ծաղիկ դնելու նրանց «գերեզմանին»:

Ահա այս մի նախադասությամբ սահմանափակվում են երեխային սեփական պատմությանը ծանուցելու հայ ծնողների գիտելիքները: Թե որտե՞ղ են կոտորել թուրքերը հայերին, ինչի՞ համար, երեխայի մոտ մութ է մնում, եւ նա մեծանում է թուրքերի կողմից ցեղասպանվածի կոմպլեքսով` թուրքի նկատմամբ ատելությունն ու սարսափը սրտում:  

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այս երեւույթին, դրական համարեց այն, երբ ծնողները երեխաներին տանում են զոհերի հուշահամալիր եւ վաղ հասակից ծանոթացնում իրենց պատմությանը: «Որ թուրքերն են հայերին կոտորել` դա փաստ է, բայց երբ մենք երեխային սնուցում ենք միայն կոտորածի մասին ինֆորմացիայով, դա շատ վատ է: Մենք դեռեւս չենք առաջարկել որոշակի բառամթերք, որոշակի ձեւակերպումներ, որոնցով պետք է երեխային բացատրվի Ցեղասպանության իմաստը: Ուստի`հայ ծնողների մի զգալի մասը երեխային հայոց պատմությանը ծանոթացնում է այնպես եւ այնքանով, ինչպես եւ որքանով ինքը գիտի»,-նկատեց Խառատյանը: Նա նաեւ հավելեց, որ երբեմն ծնողները չեն գիտակցում ապրիլի 24-ի խորհուրդը, ընդհուպ` անտեղյակ են սեփական պատմությանը:

Ըստ ազգագրագետի` Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելը արդեն վերածվել է ծիսականացված արարողության: «Ի տարբերություն  60-ականների, երբ «թույլ տրվեց» տեւական լռությունից հետո վերջապես խոսել Հայոց պատմության այդ ժամանակաշրջանի մասին, այժմ այդ բացախոսությունը ոչ թե սրել, այլ ավելի շատ մեղմել է խնդրի էությունը: Ապրիլի 24-ն այսօր վերածվել է հիշողության ծիսականացման, այլ ոչ թե քաղաքական ակցիայի»:

Հրանուշ Խառատյանն անդրադարձավ նաեւ դպրոցական դասաժամերում Ցեղասպանության վերաբերյալ առանձին առակա ներառելու «Ցեղասպանության ինտիտուտ-թանգարանի» տնօրենի առաջարկին: Նա հույս հայտնեց, որ դպրոցներում ցեղասպանության վերաբերյալ առանձին առարկա չի լինի, բայց ցեղասպանության երեւույթը պետք է դասագրքերում լրջորեն ներկայացվի: «Ցեղասպանությունը չպետք է կապվի միայն հայության հետ, այլ պետք է ներկայացվեն մարդկության դեմ իրականացված բոլոր ցեղասպանությունները»,-նկատեց ազգագրագետը:

Ե. Գեւորգյան