Խորհրդային Հայաստանից Չեռնոբիլի ատոմակայանի աղետի գոտում փրկարար աշխատանքներին մասնակցելու համար մեկնել են 3000 հայորդիներ, որոնցից ավելի քան 200-ն այս տարիներին մահացել են: Այսօր` ապրիլի 26-ին այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» ՀԿ-ի նախագահի օգնական Սվետա Սաֆարյանը, հավելելով, որ այսօր մեր երկրում Չեռնոբիլում ճառագայթահարված ծնողներից ծնված 500 երեխա կա, որոնցից 3-ը հաշմանդամ են:«Չեռնոբիլ ասոցիացիա» ՀԿ-ի մեջ հաշվառված է չեռնոբիլյան աղետի վերացմանը մասնակցած մոտ 1600 հայ:

Չեռնոբիլի աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած Ռաֆիկ Աչիկյանը 71 տարեկան է, աշխատում է Ոստիկանության ակադեմիայում որպես հյուսն, 2-րդ կարգի հաշմանդամ է եւ ստանում է 34 հազար դրամ թոշակ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես իրեն կանչեցին զինկոմիսարիատից եւ առանց որեւէ բուժզզնում անցկացնելու 6 ամսով ուղարկեցին «զինվորական հավաքի»:

«Չեռնոբիլ մեկնածները պատկերացում անգամ չունեին, թե որտեղ են գնում, միայն ավելի ուշ իմացան, որ պետք է ինչ-որ շինարարական աշխատանքներ կատարեն: Երկու ամիս բետոնապատել ենք վթարված ռեակտորը եւ այդ ընթացքում էլ` ճառագայթահարվել ենք»,- ասաց նա: Հարցին, թե հիմա ինչպես է իր առողջությունը, նա պատասխանեց. «Էհ, ո՞ր օրգանս է առողջ, էնքան որ շնչում եմ էլի, մենակ շնչում եմ, մնացածը հիվանդ է»: Նա դժգոհ է պետության հոգածությունից, ասում է` նախկինում որոշակի արտոնություններ կային, հիմա դրանք վերացրել են:

Սվետա Սաֆարյանն այս առնչությամբ նշեց, որ Չեռնոբիլի աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցածները, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, պետության կողմից ստանում են անվճար բուժսպասարկում, անվճար դեղորայք եւ հաշմանդամության կարգին համապատասխան թոշակ: Իսկ առիթից առիթ, օրինակ` ապրիլի 26-ից ապրիլի 26 տարբեր նախարարություններ պարգեւատրում են նրանց պատվոգրերով, հուշամեդալներով եւ այլն:

«Չեռնոբիլ ասոցիացիայի» անդամ Գեւորգ Վարդանյանը պետական հոգածությունը համարում է բավարար, բայց ոչ լիարժեք: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Չեռնոբիլում աշխատած հայերը բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնց լուծումը համապատասխան օրենք ընդունելու մեջ է: «Աղետի վայրից վերադառնալով` նրանց մոտ առկա է առողջական եւ հոգեկան շեղումներ, մարդիկ հոգեկան շեղում են ստանում` իմանալով, թե որտեղ են իրենք աշխատել, ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ իր եւ իր սերունդների վրա»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Ի դեպ, 1994թ Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանակներում միացել է չեռնոբլիյան եւ միջուկային այլ աղետների ու վթարների, միջուկային զենքի փորձարկումների ժամանակ տուժած անձանց առողջական եւ սոցիալական ապահովությանը վերաբերող համաձայնագրի, ըստ որի`քաղաքացիները պետք է դասարակարգվեն, եւ ընդունվի օրենք այդ մարդկանց կարիքները հոգալու համար: «Չեռնոբիլի ասոցիացիա»-ի առաջարկությամբ դեռեւս 2007թ այդ օրենքի նախագիծը ԱԺ-ում է, սակայն տարբեր առիթներով այն հետաձգվել է, իսկ այժմ ուղարկվել է Կառավարություն, հավանաբար մայիսի վերջին պարզ կլինի, այն կներառվի՞ քառօրյայի օրակարգ, թե` ոչ:

Առողջապահության նախարարությունում կա ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն, որտեղ այդ մարդիկ հաշվառված են եւ հետագայում որեւէ առողջական խնդիր ունենալիս կարող են դիմել: Գեւորգ Վարդանյանի խոսքով` տարիներ շարունակ իրենց աջակցել է Պաշտպանության նախարարությունը, նրանք հատկապես զգացված էին նախագահի այսօրվա ուղերձից, աջակցում է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության նախարարությունները:

Այսօր «Չեռնոբիլի ասոցիացիայի» անդամները մի շարք միջոցառումների կմասնակցեն ՊՆ-ում, ԱԻՆ-ում, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը, որի ժամանակ կպարգեւատրվեն: Իսկ ապրիլի 30-ին նրանք, ովքեր այս միջոցառումներ չպարգեւատրվեցին, կպարգեւտրվեն ասոցիացիայի կողմից:

Նշենք, որ այսօր լրանում է Չեռնոբիլի աղետի 25-ամյակը: Հազարավոր մասնագետներ ամբողջ ԽՍՀՄ-ից մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացմանը: Ապրիլի 26-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ռադիացիոն աղետների եւ վթարների զոհերի հիշատակի միջազգային օր, իսկ ԱՊՀ գործադիր կոմիտեն առաջարկել է կազմակերպել Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի 25-ամյակի միջոցառումներ:

Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: Ներկայումս այդ ատոմակայանում բոլոր ռեակտորների աշխատանքը կասեցված է: Այդուհանդերձ 3,5 հազար մարդ առաջվա նման աշխատում են այդ ատոմակայանում: Միջուկային վառելիքը չի բեռնաթափված ռեակտորներից եւ իրավիճակը պետք է վերահսկողության տակ պահել: