Հայաստանում չնայած հեղինակային իրավունքի պաշտպանության մասին օրենքը լիակատար կերպով գործածելի դարձնելու ջանքերին՝ Հայաստանում դեռ շատ խնդիրներ կան այս բնագավառում։  Այս մասին այսօր` ապրիլի 26-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, իրավաբան Սարգիս Կնյազյանի խոսքով՝ բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ պարզապես չեն համագործակցում հայ գյուտարարների հետ միայն այն պատճառով, որ մեր երկրում հեղինակային իրավունքը եւ մտավոր սեփականությունը պատշաճ մակարդակով չեն պաշտպանված։

«Առաջին հայացքից գուցե կապ չունեցող այս իրավունքի խախտումը իրականում անմիջական ազդեցություն ունի այլ ոլորտների զարգացման վրա։ Գյուտերի, պատենտների մասին խոսք լինել չի կարող՝ առանց մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության»,-ասաց իրավաբանը։ Ըստ նրա՝ Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանությանը խոչընդոտում է այս իրավունքի վերաբերյալ մարդկանց իրազեկության բացակայությունը եւ ոլորտում մասնագիտացված իրավաբանների պակասը։

ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության մտավոր սեփականության դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Վարդերեսյանի խոսքով՝ Հայաստանում մտավոր սեփականության իրավունքի խախտման դեպքերը քիչ են։ «Շատ իրավատերեր պարզապես չեն դիմում՝ պաշտպանելու իրենց խախտված իրավունքները։ Արդյունքում մտավոր սեփականության ոլորտը քիչ եկամտաբեր է, ինչով էլ պայմանավորված է ոլորտում մասնագիտացված իրավաբանների պակասը»,-ասաց Ա. Վրթանեսյանը։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին կառավարության, իրավական մարմինների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մեկնարկել է քննարկում՝ նվիրված Գրքի եւ հեղինակային իրավունքի (ապրիլի 23) եւ Մտավոր սեփականության (ապրիլի 26) համաշխարհային օրերին: